Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./ԱՌԿԱ/. 2019 թվականի հունվարի 22-ին, Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Հայաստանի գրողների միության շենքում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային, հաղորդում է «ՀայՓոստ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։
120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Նամականիշի վրա պատկերված է հայ հայտնի գրող, բանաստեղծուհի և հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը` իր հերթական ստեղծագործության վրա աշխատելիս:
Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյան, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը մատուցում է փոստային, ֆինանսական և մանրածախ ծառայություններ: Ներկայումս ՀայՓոստը գործում է ամբողջ Հայաստանով բաշխված 900 փոստային բաժանմունքների միջոցով՝ քաղաքային համայնքներից մինչև ամենահեռավոր գյուղական բնակավայրերը: –0–