ՀՀ–ում ցանկանում են սահմանափակել Google–ում և այլ առցանց հարթակներում ազարտային խաղերի գովազդի թիրախավորումը
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում քննարկվում է միջազգային առցանց հարթակներում կազինոների և ազարտային խաղերի գովազդի թիրախավորման սահմանափակման հնարավորությունը, հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյան։
Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկը ներառված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքների փոփոխությունների փաթեթում, որն Ազգային ժողովի կողմից հինգշաբթի օրն ընդունվել է առաջին ընթերցմամբ։
«Հայաստանում կազինոյի գովազդն արգելված է։ Այդ կապակցությամբ ԱՄՆ դեսպանատան միջոցով երկխոսություն է սկսվել միջազգային գովազդային հարթակների, այդ թվում՝ Google-ի հետ, որպեսզի օրենսդրական մակարդակով սահմանվի Հայաստանի թիրախավորման արգելափակումը՝ կազինոների և ազարտային խաղերի գովազդի դեպքում»,- ասել է Գևորգյանը։
Նա նշել է, որ քննարկումների նպատակն է սահմանափակել նման գովազդի ցուցադրումը Հայաստանի օգտատերերին։