Firebird-ի ԱԲ մեգանախագիծը մտնում է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/ԱՌԿԱ/․ Firebird-ը հայտարարում է Հայաստանում իր արհեստական բանականության մեգանախագծի առաջին փուլի կառուցման և սարքավորումների տեղակայման վերջնական փուլի մեկնարկի մասին՝ արձանագրելով տարածաշրջանի ԱԲ ամենահավակնոտ ենթակառուցվածքային նախագծի գործարկման կարևորագույն հանգրվանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, երկրի տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներն ու լրատվամիջոցները Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին կառուցվող համալիրում՝ առաջին անգամ անմիջականորեն ծանոթանալով նախագծին՝ մինչև դրա գործարկումը։
Հրազդանի մոտակայքում՝ 200 000 քառակուսի մետր ընդհանուր տարածքում տեղակայված AI գործարանի առաջին փուլի կառուցումն այժմ մոտենում է ավարտին։ Գործարկումից հետո կենտրոնում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU, որոնք 18 մեգավատտ ընդհանուր հզորությամբ կապահովեն մինչև 110.6 էքսաֆլոպ արհեստական բանականության հաշվողական (FP4 Tensor) հզորություն։ Այս ցուցանիշների շնորհիվ նախագիծը դառնում է ԱԲ տվյալների խոշորագույն կենտրոնը տարածաշրջանում։
Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը նշել է, որ Հայաստանի նման երկրի համար նման մասշտաբի ենթակառուցվածքի ստեղծումը դեռ մի քանի տարի առաջ անիրատեսական կթվար, սակայն այսօր նախագիծն արդեն մոտենում է իր ավարտին՝ հիմք դնելով երկրի նոր տեխնոլոգիական տնտեսությանը։
«Արհեստական բանականությունն արագորեն վերածվում է աշխարհի ամենակարևոր ռազմավարական ռեսուրսի, և այն երկրները, որոնք այսօր համարձակ ներդրումներ են կատարում արհեստական բանականության հաշվողական ենթակառուցվածքներում, վաղը կսահմանեն խաղի կանոնները համաշխարհային նորարարության ոլորտում։ Այս նախագծով Հայաստանը ձեռք է բերում ոչ միայն այդ ապագային մասնակից դառնալու, այլև աշխարհի առաջատար տեխնոլոգիական պետությունների հետ հավասար պայմաններում մրցելու իրական հնարավորությունը», - նշեց Եսայանը։
Ակնկալվում է, որ մեգանախագիծը կապահովի այն հաշվարկային հզորությունները, որոնք անհրաժեշտ են ԱԲ առաջատար համակարգերի մշակման, լայնածավալ գիտական հետազոտությունների, բարդ ինժեներական մոդելավորման, ռոբոտատեխնիկայի, ավիատիեզերական և կենսաբժշկական տեխնոլոգիաների, կորպորատիվ հաշվողական խնդիրների, ինչպես նաև հաջորդ սերնդի խելացի հավելվածների համար։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այս մեգանախագիծը ոչ միայն հզոր ենթակառուցվածք է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։
«Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Firebird-ի շնորհիվ Հայաստանը սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները», - ասաց նախարարը։
Հաշվարկային հզորության առավելագույն խտությունն ու էներգաարդյունավետությունն ապահովելու նպատակով ԱԲ տվյալների կենտրոնում ներդրվել են Vertiv Holdings Co.-ի ջրային և օդային սառեցման առաջատար համակարգեր, ինչպես նաև Schneider Electric-ի էներգամատակարարման ենթակառուցվածքները, որոնք նախատեսված են կենսական նշանակության ԱԲ համակարգերի անխափան շահագործման համար։ Ջրային հովացման համակարգն աշխատում է փակ ցիկլով և, տեխնիկական բնութագրերի համաձայն, ջրի փոխարինում պահանջում է ընդամենը մի քանի տարին մեկ անգամ։
Կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը ապահովում է Team Telecom Armenia-ն՝ տարածաշրջանում եզակի, հաջորդ սերնդի (NGN) օպտիկամանրաթելային ցանցի միջոցով և մինչև 1 Տերաբիթ/վայրկյան թողունակություն՝պահանջարկի աճին համընթաց ընդլայնման զգալի հնարավորությամբ։
Նախագծի առաջին փուլում ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար։ Երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 միլիարդ դոլարի, իսկ ենթակառուցվածքին կավելանա ավելի քան 41 000 GPU, ինչը Հայաստանը կդասի ԱԲ հաշվարկային հզորությամբ աշխարհի հինգ առաջատար երկրների շարքին։
Առաջին փուլի գործարկումը նախատեսված է 2026 թվականի հուլիսին։ Firebird-ի եռափուլ ընդլայնման ռազմավարության շրջանակում նախատեսվում է, որ մինչև 2027 թվականի ավարտը նախագծի GPU-ների ընդհանուր քանակը կգերազանցի 100 000-ը՝ NVIDIA Blackwell և Vera Rubin տեխնոլոգիաների հիման վրա՝ էլ ավելի ամրապնդելով Հայաստանի դիրքը արհեստական բանականության դարաշրջանում։
Firebird-ի մասին
Firebird-ը ԱՄՆ-ում և Հայաստանում գործող արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերություն է, որը նախատեսված է անվտանգ, մասշտաբային և համաշխարհային հասանելիություն ունեցող գրաֆիկական պրոցեսորներով ենթակառուցվածք ապահովելու համար։ Ընկերության առաքելությունն է ժողովրդավարացնել առաջադեմ արհեստական բանականության հաշվարկների հասանելիությունը՝ հնարավորություն տալով նորարարություններ իրականացնել հետազոտությունների և ձեռնարկությունների շրջանում՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներում։