ՀայՓոստի 40 կետերում կբացվեն Wildberries–ի հանձնման կետեր

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 27-ին ՀայՓոստը ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում համագործակցության հուշագիր ստորագրեց ռուսաստանյան առցանց առևտրի խոշորագույն հարթակի՝ Վայլդբերիզի (Wildberries) հետ, հաղորդում է ՀայՓոստի մամուլի ծառայությունը:
Հուշագիրը ստորագրեցին «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և «Վայլդբերրիզ» ՍՊԸ հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:
Ըստ հուշագրի, կողմերը պետք է համագործակցեն էլեկտրոնային առևտրի և փոստային կապի ոլորտներում:
Ռուսաստանի էլեկտրոնային առևտրի խոշորագույն ցանցի՝ Վայլդբերիզի հանձնման կետեր կստեղծվեն ՀայՓոստի բաժանմունքներում:
ՀայՓոստի մասնակցությամբ Հայաստանում կիրականացվի ներդրումային մեծ ծրագիր, կստեղծվի համատեղ լոգիստիկ կենտրոն: Նախատեսվում է նաև Վայլդբերիզի ցանցով վաճառվող ապրանքներն այլ երկրներ արտահանելու համար լոգիստիկ շղթայի համատեղ կառուցում, ինչը կնպաստի նաև հայկական արտադրանքի վաճառքին Վայլդբերիզի ցանցով:
Տատյանա Բակալչուկն իր խոսքում նշեց, որ ՀայՓոստը դառնում է Վայլդբերիզի ռազմավարական գործընկերը, և այդ համագործակցությունից պետք է սպասել երկուստեք դրական զարգացումներ:
Ինչպես նշեց ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Վայլդբերիզի հետ համագործակցությունը շատ ուժեղ խթան կդառնա Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համար: Մենք արդեն մեկ տարի է, ինչ աշխատում ենք այս ուղղությամբ և 2022 թ. առաջին եռամսյակում արդեն կունենանք Վայլդբերիզի հանձնման 40 կետեր ՀայՓոստի բաժանմունքներում: Շատ էական է, որ խոշարագույն այս ընկերությունը որոշ հատվածներում կօգտվի հայկական թվային արտադրանքից: Կարևոր է նաև, որ հայկական բազմաթիվ ապրանքանիշեր կկարողանան օգտվել Վայլդբերիզի ցանցի ընձեռած հնարավորություններից»:
Նախատեսվում է նաև ՀայՓոստի «iNovation» դուստր ձեռնարկության թվային լուծումների և արտադրանքի կիրառում Վայլդբերիզի ցանցում:
Wildberries–ի մասին
Wildberries –ի խոշորագույն առցանց մանրածախ վաճառք իրականացնող ընկերությունն է Ռուսաստանը, որն աշխատում է շուկայում 2004թ.–ից։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է հետևյալ 6 երկրների շուկաներում` Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Լեհաստանի: Wildberries–ի շրջանառությունը 2020թ.–ին հասել է 437,2մլրդ ռուբլու (+96% տարեկան հաշվարկով)։
Wildberries–ի հարթակում ներկայացված է շուրջ 30 հազար ռուսական և արտասահմանյան ապրանքանիշերի ավելի քան 4մլն ապրանք` հագուստ, կոշիկներ, աքսեսուարներ, դիմահարդարման պարագաներ, մանկական իրեր, տեխնիկա և էլեկտրոնիկա, տան համար նախատեսված ապրանքներ, ոսկերչական զարդեր, սննդամթերք, գրքեր և այլն։–0–