ԱԲ–ն դեմքի լուսանկարով կկարողանա գնահատել մարդու առողջական վիճակը
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամերիկացի հետազոտողները մշակում են արհեստական բանականության հիման վրա գործիքներ, որոնք թույլ են տալիս գնահատել մարդու առողջական վիճակը դեմքի լուսանկարով:
Տեխնոլոգիաները կարող են օգնել բժիշկներին կանխատեսել քաղցկեղով հիվանդների կյանքի տևողությունը, ինչպես նաև որոշել մարդու կենսաբանական տարիքը, գրում է BBC-ն:
Գործիքներից մեկը՝ FaceSurvival-ը, ուսուցանվել է առողջ մարդկանց միլիոնավոր լուսանկարների և քաղցկեղային հիվանդություններ ունեցող պացիենտների 35 հազար լուսանկարների հիման վրա: Վերլուծելով դեմքի առանձնահատկությունները, մասնավորապես՝ աչքերի տակի և քթարմատի շուրջ գտնվող հատվածները, համակարգը կարող է գնահատել քաղցկեղի տարբեր տեսակներ ունեցող պացիենտների ապրելիության հետ կապված ցուցանիշները, այդ թվում՝ հիվանդության՝ ոսկորներ կամ գլխուղեղ տարածվելու դեպքում:
Մեկ այլ գործիք՝ FaceAge-ը, նախատեսված է կենսաբանական տարիքը գնահատելու համար՝ այն, թե քանի տարեկանի տեսք ունի,ոչ թե նրա տարիքն` ըստ ծննդյան ամսաթվի: Վերլուծության ընթացքում համակարգը հաշվի է առնում մաշկի առանձնահատկությունները և կնճիռները դեմքի տարբեր հատվածներում:
Ծերացման արագության վրա կարող են ազդել նաև ապրելակերպն ու վատ սովորություններն, այդ թվում՝ ծխելը, թմրանյութերի օգտագործումը և ալկոհոլի չարաշահումը:
Բոստոնի Mass General Brigham բժշկական կենտրոնի առաջատար հետազոտող, դոկտոր Ռեյմոնդ Մակի խոսքով՝ նման տեխնոլոգիաները կարող են օգնել բժիշկներին ավելի ճշգրիտ գնահատել պացիենտների ֆիզիկական վիճակը ինտենսիվ բուժում նշանակելուց առաջ, ներառյալ վիրահատական միջամտությունները, ճառագայթային և համակարգային հակաուռուցքային թերապիան:
Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծում են, որ մշակումները դեռ պատրաստ չեն կլինիկական պրակտիկայում կիրառման համար: Դրանց արդյունավետությունը ստուգելու համար անհրաժեշտ են լրացուցիչ տվյալներ, այդ թվում՝ տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչների լուսանկարներ, ինչպես նաև փորձարկումներ տարբեր հիվանդանոցներում և պացիենտների տարբեր խմբերի շրջանում: