USD
361.36
EUR
405.41
RUB
4.3731
GEL
139.24
2026 թ. հոկտեմբերի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ԱԲ-ի, էկոհամակարգերի և «խելացի քաղաքների» ոլորտում համագործակցությունը

Այսօր, 13:19
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ԱԲ-ի, էկոհամակարգերի և «խելացի քաղաքների» ոլորտում համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության (AI) ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, տեխնոլոգիական կրթությունը և խելացի քաղաքների կառավարման համակարգերում նորարարական լուծումների կիրառման հեռանկարները, հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը։

Համապատասխան հարցերը քննարկվել են փոխնախարար Տաթև Ասլանյանի՝ Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանա կատարած աշխատանքային այցի շրջանակում տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ։

Մասնավորապես, «Astana Hub»-ի գործադիր տնօրեն Մագժան Մադիևի հետ հանդիպմանը քննարկվել են տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և հայ-ղազախական համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև Տաշքենդի IT Park-ի գործունեության մոդելին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները և դիտարկել Տաշքենդ ճանաչողական այցի կազմակերպման հնարավորությունը։

«Astana Hub» կատարած այցի ընթացքում փոխնախարարին ներկայացվել են կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, կառավարման և ֆինանսավորման մոդելները, ստարտափների զարգացմանն ուղղված ծրագրերը և մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմները։

«Alem.ai» համալիր կատարած այցի ընթացքում Ասլանյանը շրջայց է կատարել համալիրի տարածքում, ծանոթացել դրա գործունեության հիմնական ուղղություններին և հանդիպել «Alem.ai» հիմնադրամի գործադիր տնօրեն Անուար Ունայբեկովի և հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են արհեստական բանականության ոլորտի զարգացման, կրթական ծրագրերի և տեխնոլոգիական կարողությունների ընդլայնման հարցերը, ինչպես նաև փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունները։

Բացի այդ, կայացել է նաև հանդիպում «Alem.ai»-ի ներքո գործող ԹՈՒՄՈ կենտրոնի գրասենյակի ղեկավար Աինուր Կուանիշբաևայի հետ։ Անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական կրթության զարգացմանը, երիտասարդների թվային հմտությունների ձևավորմանը և կրթական նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։

Փոխնախարարը հանդիպում է ունեցել նաև Ղազախստանի Alatau City Authority-ի թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության գլխավոր տնօրեն Բայան Քոնիրբաևի հետ։ Քննարկվել են արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների զարգացման, խելացի քաղաքների կառավարման համակարգերում նորարարական լուծումների կիրառման, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։

Ըստ նախարարության՝ աշխատանքային այցը հնարավորություն է տվել ծանոթանալու Ղազախստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման փորձին և ուսումնասիրելու Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ տեխնոլոգիական ձեռնարկատիրության, արհեստական բանականության և կրթության ոլորտներում։