USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Team Telecom Armenia-ն հայտարարեց վերաբրենդավորման ավարտի մասին

03.05.2022, 17:37
Գործընթացի ավարտը նշանավորվեց Երևանի Հյուսիսային պողոտայում արդիականացված գլխավոր սերվիս կենտրոնի բացմամբ
Team Telecom Armenia-ն հայտարարեց վերաբրենդավորման ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. Team Telecom Armenia հեռահաղորդակցական օպերատորը պաշտոնապես հայտարարեց վերաբրենդավորման ավարտը, որը մեկնարկել էր «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) 100% բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո։ Գործընթացի ավարտը նշանավորվեց Երևանի Հյուսիսային պողոտայում արդիականացված գլխավոր սերվիս կենտրոնի բացմամբ:

Ինչպես նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, 1,5 տարվա թիմային ահռելի աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ այսօր Team-ը շուկա է մտնում նոր, համարձակ կոնցեպտով ու ծրագրերով:

«Հպարտությամբ կարող ենք նշել, որ վերաբրենդավորման շնորհիվ Team Telecom ընկերությունն այժմ ամբողջովին հայկական է: Թիմային աշխատանքի արդյունքում ստեղծվել է ապրանքանիշ, որը նախատեսում է իրականացնել մեծ նախագծեր շուկայում» ,- ասաց նա:

Եսայանը նշեց, որ ընկերության շարժիչ ուժն ու ոգին թիմն է, թիմային աշխատանքը. բրենդի անվան հիմքում հենց այս գաղափարն է ընկած։

Նա ընդգծեց, որ Team Telecom Armenia-ն տրամադրում է և շարունակելու է տրամադրել հաճախորդներին ծառայությունների ամենալայն շրջանակը հայկական շուկայում՝ ընդլայնելով դրանց տեսականին:

Ռազմավարական նպատակներ

Որպես ռազմավարական ուղղություն Team-ը Հայաստանում սկսել է կառուցել տարածաշրջանում եզակի NGN (Next Generation Network) ցանցը, որը թույլ կտա յուրաքանչյուր բաժանորդի հասցնել 25 Գբ/վ արագությամբ ինտերնետ։

«Շուտով ցանցը կհայտնվի Դիլիջանում, իսկ Երևանում այդ ցանցից կարողանում են օգտվել Դավթաշեն և Արաբկիր համայնքների շուրջ 55 հազար բաժանորդներ», - նշեց նա:


Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն և վերաբրենդավորման նախագծերի ղեկավար Էլինա Գրբաշյանն իր հերթին նշեց, որ Team Telecom Armenia-ի սպասարկման և վաճառքի կենտրոններում կարելի է ձեռք բերել տարբեր տեխնիկա (սմարթֆոններ, ականջակալներ, խելացի տան համար նախատեսված լուծումներ և այլն):

Նոր ծրագրեր

Գլխավոր տնօրենի խոսքով, երկրի տարածքում գործում է Team Telecom Armenia-ի 78 մասնաճյուղ: «ԱՌԿԱ» գործակալության թղթակցի հետ զրույցում Եսայանը հայտնեց, որ ապագայում չի նախատեսվում ավելացնել մասնաճյուղերի թիվը, ընկերությունը պատրաստվում է անցնել հաճախորդների սպասարկման գործընթացի թվայնացման:

«Նոր մասնաճյուղեր գրեթե չեն լինի, քանի որ ամբողջ աշխարհում ընթանում է թվայնացման միտում: Ելնելով դրանից՝ մենք ևս պետք է վերափոխվենք», - ասաց նա:

Խոսելով ընկերության հետագա զարգացման պլանների և տեխնոլոգիական արդիականացման մասին՝ Եսայանը տեղեկացրեց, որ այս պահին գործընթացն ընթանում է մեծ թափով: Նա նշեց, որ շարունակվում է ֆիքսված ցանցի արդիականացումը, ստեղծվում է օպտիկամանրաթելային ցանց, որն էապես տարբերվում է գործողներից նրանով, որ յուրաքանչյուր բաժանորդ կկարողանա միանալ ցանցին առանձին մալուխի միջոցով:

Անդրադառնալով ներդրումների հարցին՝ Եսայանը նշեց, որ այս պահին քննարկվում է խոշոր ներդրումային ծրագիր, որի մասին շուտով կհայտարարվի:

«Այս պահին իրականացվել են խոշոր ներդրումներ, որոնք ամբողջովին ներգրավվել են ինչպես ներքին, այնպես էլ վարկային ռեսուրսների հաշվին», - ընդգծեց նա:

Եսայանը տեղեկացրեց, որ այս կարճ ժամանակահատվածում հաջողվել է իրականացնել ծրագրեր, որոնք ապագայում բեկումնային փոփոխություններ են բերելու տելեկոմ ոլորտ՝ նպաստելով ոչ միայն ընկերության առաջխաղացմանը, այլ նաև Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը:

Ընկերության մասին

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Team Telecom Armenia-ն լիովին հայկական բրենդ է և հազարավոր արհեստավարժ մասնագետների հզորագույն թիմ:

Team Telecom Armenia-ն տրամադրում է GSM, 3G (UMTS) և 4G (LTE) ստանդարտի շարժական կապ, ամրակցված հեռախոսակապի, թվային հեռուստատեսության IPTV և OTT ծառայություններ, ինչպես նաև ապահովում է ինտերնետ հասանելիություն FTTH, FTTB, VDSL և ADSL տեխնոլոգիաներով:-0-