USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Xiaomi-ն, հետևելով Apple-ի օրինակին, մտադիր է փոխել իր օպերացիոն համակարգերի անվանումների սխեման

09.06.2025, 15:38
Անցյալ ամսվա վերջին Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը (Mark Gurman) հաղորդել էր, որ Apple-ը կարող է փոխել իր օպերացիոն համակարգերի անվանման սխեման։ Այժմ հայտնի է դարձել, որ չինական Xiaomi ընկերությունը ևս պլանավորում է նմանատիպ ճանապարհով գնալ
Xiaomi-ն, հետևելով Apple-ի օրինակին, մտադիր է փոխել իր օպերացիոն համակարգերի անվանումների սխեման

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/ԱՌԿԱ/․ Անցյալ ամսվա վերջին Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը (Mark Gurman) հաղորդել էր, որ Apple-ը կարող է փոխել իր օպերացիոն համակարգերի անվանման սխեման։ Այժմ հայտնի է դարձել, որ չինական Xiaomi ընկերությունը ևս պլանավորում է նմանատիպ ճանապարհով գնալ, գրում է 3dnews-ը։

Apple-ի օպերացիոն համակարգերի նոր տարբերակները կներկայացվեն այսօր WWDC 2025 միջոցառման ժամանակ։ Օրինակ, iOS 19-ի և iPadOS 19-ի փոխարեն, ըստ Գուրմանի, հանրությանը կարող են ներկայացվել iOS 26-ը և iPadOS 26-ը: Սա արվում է օրացուցային տարվան համապատասխանելու, ինչպես նաև նոր պրոդուկտների մարքեթինգը պարզեցնելու համար:

Առցանց աղբյուրների համաձայն, Xiaomi-ն մտադիր է անցնել նույն համակարգին իր HyperOS հարթակի համար, որը կառուցված է Android-ի վրա։ Սա նշանակում է, որ այս տարվա վերջում վենդորը կներկայացնի ոչ թե Android 16-ի վրա հիմնված HyperOS 3-ը, այլ HyperOS 26-ը: Այս թարմացումը, ինչպես ակնկալվում է, կթողարկվի այս տարվա հոկտեմբերին կամ նոյեմբերին, ուստի դրա մասին ավելի շատ մանրամասներ պետք է ակնկալել պաշտոնական թողարկման ժամանակ։

Նոր օպերացիոն համակարգի անվանման սխեման հարմար է օգտատերերի համար, քանի որ նրանց համար ավելի հեշտ կլինի կողմնորոշվել Xiaomi–ի ծրագրային տարբերակներում։ Սակայն այս մոտեցումը կարող է որոշակի դժվարություններ ստեղծել ընկերության համար։ Հարցն այն է, որ օպերացիոն համակարգի տարբերակները անվանելու համար օրացուցային տարին օգտագործելիս ընկերությունը ստիպված կլինի հետևել թարմացումների թողարկման խիստ ժամանակացույցին և հետ չմնալ դրանից։