Beeline Ստարտափ Ինկուբատորում ավարտվեց երկրորդ ինկուբացիոն շրջանը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./ԱՌԿԱ/. Beeline Ստարտափ Ինկուբատորի երկրորդ ցիկլն ավարտած ռեզիդենտ ստարտափներն ելույթ ունեցան ներդրողների առջև։
Demo Day միջոցառմանը ներկա էին հնարավոր ներդրողները, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչները, երկրորդ ինկուբացիոն շրջանը հաջողությամբ ավարտած 4 ստարտափները, Beeline Ինկուբատորի մենթորները և դասավանդողները, ինչպես նաև Beeline-ի աշխատակիցները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Միջոցառման ընթացքում ստարտափները ներկայացրեցին իրենց գաղափարները և նորարար լուծումները, ինչպես նաև մշակած հավելվածները, պրոդուկտի դեմո տարբերակները, թրեյլերները և այլն։
«Մենք մեծ ոգևորությամբ ենք այսօր մասնակցում այս միջոցառմանը։ Այստեղ ներկա բոլոր ստարտափների հետ մենք չորս ամիս շատ ակտիվորեն աշխատել ենք, նրանց փոխանցել ենք մեր գիտելիքներն ու փորձը, և մեծ հույսեր ենք կապում նրանց ապագայի հետ։ Վստահ եմ, որ այսօր ներդրողներին ներկայացող յուրաքանչյուր թիմ մեծ հաջողությունների կհասնի հայաստանյան և միջազգային շուկաներում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Ինկուբատորի նպատակն է, օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ընտրված ռեզիդենտ ստարտափները 16 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–