Apple Watch–ը հունիսին կհայտնվի խանութներում

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայտնի են դարձել Թիմ Քուկի` Չինաստան կատարած այցի մանրամասները, որի ընթացքում Apple–ի ղեկավարը հանդիպել է ընկերության տեղական գրասենյակի աշխատակիցների հետ, հայտնում է iphones.ru–ն։ Զրույցի թեմաներից մեկն Apple Watch–ի վաճառքների սկիզբն է խանութներում, ինչպես նաև Apple Pay–ի գործարկումը Չինաստանում։
Apple Watch–ի վերաբերյալ Թիմ Քուկն ասել է, որ վաճառքների ավելի լավ մեկնարկ պատկերացնել չի կարելի, բայց ընկերությունում հույս ունեն ավելիին հասնելու։ Սակայն, ընկերության ղեկավարի իրավամբ կարևոր խոսքերը վերաբերում էին խանութներում խելացի ժամացույցի ստացման ժամկետներին։ Թիմ Քուկը վստահ է, որ դա կլինի արդեն հունիսին։ Խոսքը, բնականաբար, ոչ թե ցուցադրական մոդելների, այլ ժամացույցի պահեստային իրական պաշարների մասին է։ Հունիսին խելացի ժամացույցը կսկսեն վաճառել նաև չինական Apple Store–ներում։ Բացի այդ, ներկայում ակտիվ բանակցություններ են ընթանում Չինաստանում Apple Pay–ը գործարկելու ուղղությամբ։ Դրա համար երկիր է ժամանել նույնիսկ Էդդի Քյուն։
Հատկանշական է, որ Apple–ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում Չինաստանն առաջ կանցնի ԱՄՆ–ին և կդառնա ընկերության համար ամենաշահութաբեր երկիրը։ Այնտեղ արդեն այժմ ամենամեծ թվով iPhone և iPad է վաճառվում։ -0-