Ամստերդամում ավարտվեց ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon-ը

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամստերդամում տեղի ունեցավ ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon 2018-ը, որին մասնակցել են նաև Հայաստանում Beeline-ի աշխատակիցները, հայտնում է ընկերության մամուլի ծխառայությունը։
«Digithon–ի շրջանակում ՎԵՈՆ խմբի մաս կազմող բոլոր ընկերությունների ներկայացուցիչները մշակում են նորարարական և արդիական թվային ծառայությունների նախատիպեր: Մարաթոնին մասնակցում են խմբի 11 երկրներում անցկացված տեղական Digithon-ների հաղթող թիմերը։ Այդ թիմերի մասնակիցներից գլոբալ Digithon–ին ձևավորվել էին ինը թիմեր, որոնց կազմում ընդգրկվել էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանում Beeline-ի վեց աշխատակիցները», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
24 ժամվա ընթացքում թիմերը մշակել են իրենց գաղափարները և պատրաստել են նախատիպեր, որոնք ներկայացրել են մասնագիտական հանձնաժողովի և գործընկերների դատին։ Լավագույն եռյակի ընտրությունն անցկացվել է երկու փուլով. կիսաեզրափակչին թիմերի համար քվեարկել են մարաթոնին առցանց հետևող իրենց գործընկերները ՎԵՈՆ խմբի ընկերություններից, իսկ եզրափակչում՝ մասնագիտական հանձնաժողովը։
Նշվում է, որ արդյունքում ընտրվել է երեք հաղթող թիմ, որոնցից երկուսում՝ առաջին և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերում կան Հայաստանում Beeline-ի ներկայացուցիչներ։ Առաջին տեղը գրաված Digital Ninjas թիմը որպես մրցանակ կայցելի Սիլիկոնային հովիտ և առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։
«ՎԵՈՆ խմբի համար շատ կարևոր է մշտապես զարգացնել իր աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները և բացահայտել նրանց ներուժը։ Վստահ եմ, որ տարբեր երկրներից մեր գործընկերների հետ հանդիպումը և արդիական ու նորարական լուծումների մշակումը մեծ խթան կլինի թե՛ մեր աշխատակիցների, թե ընկերության զարգացման համար։ Իհարկե առանձնահատուկ պետք է նշեմ գլխավոր մրցանակը, որը նույնպես մեզ բոլորիս կօգնի ավելի լավ հասկանալ ժամանակակից թվային աշխարհում հաջողության հասնելու գաղտնիքները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշվում է նաև, որ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած Hackers Eating Crackers և Guardians of VEON խմբերը նույնպես կստանան մրցանակներ՝ համապատասխանաբար այցելություն Ուկրաինայում և Ղրղզստանում գործող ընկերությունների թվային թիմերի գրասենյակներ։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–