«ԱրմենՏել»-ը մինչև 512 Կբ/վ արագությամբ շարժական ինտերնետի անսահմանափակ սակագնային փաթեթ է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» հայտարարում է շարժական ինտերնետի «512» անսահմանափակ սակագնային փաթեթի գործարկման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նոր առաջարկը, որը հասանելի է ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներին, հնարավորություն է տալիս օգտվել մինչև 512 Կբ/վ արագությամբ սիմետրիկ անսահմանափակ շարժական ինտերնետից: «512» սակագնային փաթեթի ամսական արժեքն է 2500 դրամ կամ օրական 83 դրամ:
«512» սակագնային փաթեթին միանալիս բաժանորդները կարող են ընտրել իրենց հարմար հետվճարային կամ կանխավճարային հաշվարկային համակարգն, ինչպես նաև 100 դրամ սակագնով ձեռք բերել Beeline USB-մոդեմ:
««ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է իր հաճախորդներին կանխավճարային շարժական ինտերնետի սակագնային փաթեթ, որը մենք դարձրել ենք առավելագույնս պարզ և մատչելի բաժանորդների համար: Beeline անսահմանափակ շարժական ինտերնետի շահավետ առաջարկը հարմարավետ է համակարգիչների, դյուրակիր համակարգիչների կամ պլանշետների օգտատերերի համար, իսկ հաշվարկային համակարգի ընտրության հնարավորությունը և USB-մոդեմի ձեռք բերման անհրաժեշտությունը դարձնում են այն էլ ավելի հարամարավետ` թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց համար», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար միացման արժեքը կազմում է 1000 դրամ, ամբողջ գումարը հաշվանցվում է բաժանորդի հաշվեկշռին: Եթե հաճախորդը ցանկանում է ձեռք բերել USB-մոդեմ (Alcatel X300D), միացման գումարը տվյալ դեպքում կկազմի 5000 դրամ, որից 4900 դրամը կհաշվանցվի բաժանորդի հաշվեկշռին:
Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար «512» սակագնային փաթեթին միանալիս միացման վարձ չի գանձվում, իսկ 100 դրամով USB-մոդեմ հաճախորդները կարող են ձեռք բերել ծառայությունից 12 ամիս օգտվելու պայմանագիր կնքելու դեպքում:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։ ($1 – 407,75 դրամ) -0-