USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին արժանացել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին

15.11.2024, 19:30
Պարգևատրման արարողությունը կայացել է այսօր ՀՀ նախագահի նստավայրում
Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին արժանացել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին արժանացել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2023թ․–ի ՀՀ պետական մրցանակին։

Պարգևատրման արարողությունը կայացել է այսօր ՀՀ նախագահի նստավայրում։


«Մուրտին բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներից է։ «Infosys»-ը ծրագրային ապահովման ծառայությունների համաշխարհային առաջատար է, որի համբավը ծրագրային ապահովման, ֆիզիկական և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ոլորտում անհերքելի է»,-  հայտարարել է Viva ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։»

Նա նաև նշել է, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է տեխնոլոգիական ընկերությունների և ստարտափների թիվը, ինչը վկայում է երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զգալի ներուժի մասին։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանն իր հերթին նշել է, որ մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար ունենալ պետական մրցանակ և այն հանձնել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխարհում տեխնոլոգիաների զարգացման վրա։

«Մեր նպատակն է գիտելիքահենք, տեխնոլոգիական նորարար լուծումների վրա հիմնված տնտեսության զարգացումն ու առաջընթացը, ինչն արտացոլված է ՀՀ կառավարության ծրագրերում։ Եվ յուրաքանչյուր տարի անցկացվող այս մրցանակաբաշխությունը, որը Հայաստան է բերում ոլորտի հսկաներին, մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ ու աշխատանքով փոխել ու փոխում են աշխարհը, ևս մեկ հաստատումն է մեր նպատակուղղված աշխատանքի՝ դառնալու աշխարհի համար ճանաչելի՝ որպես տեխնոլոգիական հաբ», – ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով, Նարայանա Մուրտիի անցած ճանապարհն օրինակ կարող է լինել շատ-շատ երիտասարդների համար՝ ձգտել ու հասնել առավելագույնի սեփական տաղանդի և աշխատասիրության շնորհիվ։

«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը ամեն տարի հյուրընկալում է ՏՀՏ ոլորտի լեգենդներին։ Մեր տվյալներով, Հայաստանը միակ երկիրն է, որը մեծարում է ՏՀՏ ոլորտում նշանակալի ներդրում ունեցած անձանց։ Ինչպես ասել է մրցանակաբաշխության երկրորդ դափնեկիր Սթիվ Վոզնյակը․ «Այս մրցանակը ՏՀՏ ոլորտի Նոբելյան մրցանակն է», ինչը մեզ մի կողմից շատ ոգևորում է, իսկ մյուս կողմից՝ մեծ պատասխանատվություն է: Սա ևս մեկ կարևոր քայլ է՝ Հայաստանը աշխարհում ներկայացնել որպես մի երկիր, որը մեծարում է միջազգային տեխնոլոգիական լեգենդներին», – ընդգծել է «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Մուրտին ուրբաթ հատուկ ժամանել է Երևան՝ ստանալու այս մրցանակը։ Նա նշել է, որ իր ընկերության հաջողության գաղտնիքն այն է, որ ինքը կարողացել է ամերիկյան կորպորացիաներին առաջարկել իրենց աշխատանքային գործընթացների միայն մի մասը կազմակերպել ԱՄՆ-ում, իսկ մնացածը և մեծ մասը տեղափոխել Հնդկաստան՝ աութսորսինգի: Նրա ընկերությանը հաջողվել է նաև ապահովել, որ տարբեր երկրներում և տարբեր ժամային գոտիներում աշխատանքը կազմակերպվի շուրջօրյա։

2014 թվականին, Մուրտին CNBC-ի 25 համաշխարհային բիզնես առաջնորդների ցանկում զբաղեցրել է 13-րդ տեղը։ «Fortune» ամսագիրը 2012 թվականին նրան ներառել է «Մեր ժամանակների 12 ձեռներեցները» ցուցակում։ 2008 թվականին Հնդկաստանի կողմից արժանացել է Պադմա Վիբհուշան քաղաքացիական մրցանակին, նույն թվականին Ֆրանսիայի կողմից՝ «Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ», իսկ 2007 թվականին՝ «Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր» տիտղոսներին։ 2005 թվականին «The Economist»-ը Մուրտիին ներառել է «10 ամենաակնածելի համաշխարհային բիզնես առաջնորդները» ցանկում։ 2015 թվականի մարտին, Մուրտին հայտնվել է «The Financial Times»-ի «Տեխնոլոգիական ոլորտի բիզնես առաջնորդների» թոփ 10-ում։

Viva-ն մշտապես աջակցում է մեր երկրի ՏՏ ոլորտին․ ընկերությունը 14 տարի շարունակ այս կարևոր նախաձեռնության կողքին է:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նախորդ տարիների մրցանակակիրներներն են․

-Քրեյգ Ռ. Բարեթ` «Ինտել» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ (2010)

-Ստիվ Վոզնյակ` «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր (2011)

-Ֆեդերիկո Ֆաջին` «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ (2012)

-Ցուգիո Մակիմոտո` Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն (2013)

-Մարիո Մացցոլա` «Cisco systems» ընկերության Զարգացման գծով նախագահ (2014)

-Եվգենի Կասպերսկի` «Kaspersky Lab» ընկերության  Գլխավոր տնօրեն (2015)

-Լուի Պուզեն` «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի առաջամարտիկներից մեկը (2016)

-Թոնի Ֆադել` «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, «iPod» ապրանքանիշի ստեղծող (2017)

-Դոկտոր Ջեյմս Թրուշարդ՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր (2018)

-Դոկտոր Տակեո Կանադե՝ Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր (2019)

-Դոկտոր Չի-Ֆուն Չան՝ «Սինոփսիս» ընկերության գլխավոր գործադիր համատնօրեն (2020)

-Լեոն Ստոկ՝ «IBM» ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ (2021)

-Շանթանու Նարայեն՝ «Adobe» ընկերության նախագահ (2022):