USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

ArMath-ի սաներն իրենց ռոբոտին կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում

25.07.2018, 19:14
ArMath ինժեներական լաբորատորիաների սաներն օգոստոսի 16-18-ը Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում:
ArMath-ի սաներն իրենց ռոբոտին կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. ArMath ինժեներական լաբորատորիաների սաներն օգոստոսի 16-18-ը Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նրա խոսքով, ռոբոտոտեխնիկան ArMath ինժեներական լաբորատորիաների գործունեության հիմնական ուղղութուններից է, և լաբորատորիայի սաներն արդեն երկրորդ տարին մասնակցում է միջազգային մրցույթների (2017 թվականին Թումոյի թիմը զբաղեցրել է երրորդ տեղը` խմբ.)։  

«Միջազգային մրցույթի մասնակցությունը կօգնի մեր սաներին փորձ փոխանակել միջազգային մակարդակով, առավել ևս, որ նրանք բավարար գիտելիքներ են կուտակել` այդպիսի բարձր հարթակում Հայաստանը պատշաճ ներկայացնելու համար»,– ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ սաներին մրցույթին համապատասխան կերպով նախապատրաստելու համար Միությունը ստեղծել է հատուկ մարզչական հարթակ, որտեղ թիմը մշտապես մարզումներ է անցկացնում։

«Ucom» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Եսայանն իր հերթին նշել է, որ ընկերությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մշտապես սատարել է ինժեներական լաբորատորիաների զարգացմանը և հետագայում նույնպես կշարունակի տվյալ նախաձեռնությունը։

«Մեր ներդրումներն արդեն արդյունք են տալիս և ապացուցել են, որ դա ճիշտ ընտրություն էր, որը կօգնի զարգացնել երկրի ճարտարագիտական ուղղությունը հետագա առաջընթացի համար»,– ասաց Եսայանը։

Միաժամանակ «Ամերիաբանկի» տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ստորաբաժանման ղեկավար Շավարշ Ոսկանյանը նշեց, որ բանկը կարևորում է ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաների ներդրումը երկրում, և այս համատեքստում` երիտասարդ սերնդի զարգացումն ու ուսուցումը։

«Նման մրցույթներին մասնակցելը կօգնի նրանց զարգացնել հմտությունները, հարստացնել գիտելիքները և փորձ կուտակել, նոր կապեր հաստատել հետագա զարգացման համար»,– ասաց Ոսկանյանը։


Հայաստանյան թիմում ընդգրված են Վահագն Զարգարյանը (Արծվաբերդ), Լիլիթ Խաչիկյանը (Սիսիան), Նոնա Թելունցը (Գորիս) և թիմի ղեկավար ու մասնակից Արմեն Յենոքյանը (Սիսիան, «Արմաթի» խմբավար):

Մրցույթում կներկայացվի թիմի սաների կողմից մշակած ավտոնոմ ռոբոտ, որը որոշակի ժամանակահատվածում պետք է հավաքի տարածքում թափված արկղերը և նետի դրանք պլանավորած բարձրությունից հատուկ անցքի մեջ։ Հաշվի առնելով, որ այս տարի մրցույթը նվիրված կլինի վերականգնվող էներգետիկային, ապա մի քանի մրցումներ նվիրված կլինեն դրան։ Մասնավորապես, ռոբոտը պետք է գործարկի հողմատուրբինը, հելիոթիթեղները տեղափոխի մի կետից մյուսը, տեղադրի դրանք, ինչը կխորհրդանշի էլեկտրաէներգիայի արտադրման գործարկում։ Մրցույթի մասնակիցները նաև պետք է բեռնեն պայմանական ածուխը ՋԷԿ` դրա աշխատանքը գործարկելու համար։ 


«First Global»-ը ռոբոտների միջազգային մարտահրավեր է, որին մասնակցում են 14-18 տարեկան պատանիներ շուրջ 160 երկրից: Մրցույթի նպատակն է միավորել պատանիներին, ոգեշնչել նրանց տեխնոլոգիաների և նորարարության հնարավորություններով, ստեղծել համագործակցության հարթակներ գլոբալ խնդիրների ու կյանքի որակի բարձացմանն ուղղված լուծումներ ստեղծելու համար: -0-