Փետրվարի 19–ին տեղի կունենա Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 24–րդ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փետրվարի 19–ին տեղի կունենա Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) 24-րդ համաժողովը։
ԱՏՁՄ հիմնադրման հոբելյանական 25-ամյակին ընդառաջ՝ համաժողովը մեկ հարկի տակ կմեկտեղի նորարարության ոլորտի շուրջ 300 մասնակցի Հայաստանից և արտերկրից:
Նախատեսված է ՀՀ կառավարության ներկայացուցիչների, ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ներկայությունը։
Ինչպես հայտնեցին ԱՏՁՄ–ից, համաժողովին կանցկացվեն ԱՏՁՄ խորհրդի և նախագահի ընտրությունները, նաև կամփոփվի միության նախորդ տարվա գործունեությունը, կներկայացվեն սպասվելիք ծրագրերը, անդրադարձ կկատարվի մի շարք առաջնային թեմաների, ինչպիսիք են ամենամեծ տեխնոլոգիական միության կրկնապատկվող ցուցանիշները, ոլորտի մարտահրավերներն ու առաջարկվող լուծումները, ԿԳՄՍՆ-ի կողմից «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ֆինանսավորման ավելացման հարցերը:
UATE –ի մասին
UATE–ին ստեղծվել է 2000թ․–ին (նախկինում՝ ԻՏՁՄ): Միությունը ներկայացնում է Հայաստանում ԲՏԱ և ՏՀՏ ավելի քան 200 ընկերություններ՝ ներառյալ տեղական և միջազգային ընկերությունները: ԱՏՁՄ-ի առաքելությունն է զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը: Միության ռազմավարական գործընկերներից է Cifora–ն, Ucraft–ը, Krisp–ը, Quantori–ն, Team Telecom Armenia–ն, Broadcom–ը։
UATE-ի առաքելությունն է նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։ Ամեն տարի UATE -ն իրականացնում է 10-ից ավելի մասնագիտացված նախագծեր, այդ թվում՝ ArMath ազգային կրթական ծրագրի ստեղծումն ու զարգացումը, տարածաշրջանում ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովի անցկացումը (DigiTec) և ՀՀ ԶՈՒ հետ համատեղ նախագծերի մշակումը ռազմարդյունաբերական ոլորտում։