«ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐՈՒՄ ՆՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Համակարգիչ բոլորի» համար ծրագրին մասնակցելու համար Հայաստանում համակարգիչներ արտադրող ընկերությունների շրջանում մրցույթ կհայտարարվի սեպտեմբերի վերջին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» (Enterprise Incubator Foundation- EIF) Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Ենգիբարյանը նշեց, որ մրցույթը, հավանաբար, կանցկացվի արդեն այս տարվա հոկտեմբերին: «Մեր հիմնական խնդիրն է անել այնպես, որպեսզի ծրագրին մասնակցի ոչ թե մեկ արտադրող, այլ մի քանի ընկերություններ, որոնք տարբեր արտադրանք կներկայացնեն տարբեր գներով»,- ասաց նա:
Ենգիբարյանի խոսքով, մրցույթին կհրավիրվեն այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Dell-ը, Asus-ը, Intel-ը, Microsoft-ը, Hewlett-Packard-ը, սակայն մասնակցության հավակնություններ կունենան նաև այլ արտադրողներ:
Ենգիբարյանը նշեց, որ նախապատվությունը կտրվի այն ընկերություններին, որոնք կառաջարկեն որակյալ և մատչելի արտադրանք:
«Մրցույթի արդյունքներով, ծրագրի մասնակցության համար, կարծում եմ, կընտրվի 4-5 արտադրող: Դա «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն ավելի արդյունավետ և բազմակողմանի կդարձնի»,- նշեց նա:
Ենգիբարյանն ավելացրեց, որ այժմ շարունակվում է այն խանութների ընտրությունը, որտեղ համակարգիչներ կվաճառվեն ծրագրի շրջանակներում: Ընդհանուր առմամբ, ծրագրվում է ավելի քան 100 խանութ ընտրել:
«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը մեկնարկել է 2010թ. դեկտեմբերին։ Այդ նպատակով Համաշխարհային բանկը հատկացրել է 3 մլն դոլար, իսկ Հայաստանի կառավարությունը ծրագրի հետագա ֆինանսավորումն իրականացնելու համար 1 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ կենտրոնական բանկին։
Ծրագրի գլխավոր նպատակն է ընդլայնել համակարգիչների տարածումը Հայաստանում` մատչելի և որակյալ համակարգիչներ գնելու հնարավորություն ստեղծելով նաև մարզերի բնակիչների համար, նպաստել Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը` խթանելով համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման մշակման շուկաների զարգացումը, խթանել ինտերնետի տարածումը` բարձրացնելով օնլայն ծառայություններից օգտվողների թիվը և հիմք ստեղծելով էլեկտրոնային ծառայությունների ներդրմանը կառավարության, գործարար հատվածի, կրթական հաստատությունների շրջանակում: --0-