USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Mistral AI ֆրանսիական ստարտափը կօգնի զարգացնել արհեստական բանականությունը Հայաստանում

11.02.2025, 11:15
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Mistral AI ընկերությունը մեկնարկում են համագործակցություն՝ խթանելու արհեստական բանականության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Mistral AI ֆրանսիական ստարտափը կօգնի զարգացնել արհեստական բանականությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը մեկնարկում են համագործակցություն՝ խթանելու արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համատեղ նախաձեռնությունները։

Փետրվարի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել, հայտնում են նախարարությունից։

Գևորգ Մանթաշյանը նշել է, որ այս համագործակցությունը կարևոր գործոն է հզոր էկոհամակարգ ձևավորելու համար, որը կներգրավի տաղանդավոր մասնագետներին և կօգտագործի ԱԲ լուծումներն՝ առավել արդյունավետ և արագ կառավարում ապահովելու համար։

«Mistral AI» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մեսչն ընդգծել է, որ  Հայաստանի ԱԲ էկոհամակարգը ծաղկում է, և հպարտ են, որ կարող են իրենց ԱԲ լուծումներով աջակցել Հայաստանի պետական կառավարման համակարգին, ստարտափներին և տաղանդներին:

Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանում բարելավել ԱԲ ենթակառուցվածքները, աջակցել ԱԲ հենքով բիզնես լուծումներին և բարելավել հանրային կառավարումը ԱԲ հիմքով գործող GovTech ծրագրի միջոցով՝ կիրառելով «Mistral AI» ընկերության փորձառությունը առևտրային և բաց կոդով արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում:

Ակնկալվում է, որ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանում ԱԲ էկոհամակարգի առանցքային դերակատար՝ խթան հանդիսանալով նորարարությանը և տեխնոլոգիական առաջընթացին: Փաստաթուղթը միտված է տեխնիկական աջակցության և գիտելիքների փոխանակման միջոցով ամրապնդել Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգը, նորարարության ոլորտում գործունեություն ծավալողների համար ներդնել արհեստական բանականության հարթակ՝ բիզնես լուծումներ մշակելու համար և աջակցել ԱԲ գործիքների կիրառմանը կառավարման ու ծառայությունների մատուցման արդյունավետությունը խթանելու համար:

ՀՀ կառավարության և արդյունաբերական ոլորտի համագործակցության շրջանակում Հայաստանի կառավարությունը կապահովի ենթակառուցվածքային և կարգավորող աջակցություն, իսկ «Mistral AI»-ը Հայաստանում կօգտագործի իր փորձառությունը, կանցկացնի վերապատրաստումներ և կառաջարկի ԱԲ նպատակային լուծումներ։