USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Ապրիլի 18-ին Երևանում կկայանա AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը

15.04.2026, 11:45
AI Conf-ին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ով հանդես կգա «ԱԲ գործակալները և թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ
Ապրիլի 18-ին Երևանում կկայանա AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 18-ին Երևանում կկայանա AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը, որը չորրորդ անգամ կմեկտեղի ոլորտի առաջատար մասնագետներին, գիտնականներին, գործարարներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են ԱԲ հայկական հեռանկարով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին կազմակերպիչները։  

Կազմակերպչական հանձնաժողովի այսօր կայացած ամփոփիչ հանդիպման ընթացքում տրվեց պաշտոնական հետհաշվարկը։ Տեխնոլոգիական համայնքում ընդունված ավանդույթի համաձայն՝ հանձնաժողովի ղեկավարները՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ/UATE) տնօրեն Սարգիս Կարապետյանը, Krisp ընկերության տնօրեն Արտավազդ Մինասյանը, «Երևանէն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Հրանտ Խաչատրյանը  և ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ստորագրեցին AI Conf 2026-ի առաջին պաշտոնական պաստառը։

Հաստատված օրակարգի շուրջ AI Conf համաժողովը «Մայր ԲՈՒՀ»-ի հարկի տակ մեկտեղելու է ոլորտի առաջնորդներին՝ վերաիմաստավորելու արհեստական բանականության ասպարեզում վերջին տարում Հայաստանում տեղի ունեցած բեկումնային փոփոխությունները։ 

Միջոցառմանը հանդես կգա ավելի քան 20 առաջատար բանախոս պետական և մասնավոր հատվածներից:   

AI Conf-ին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ով հանդես կգա «ԱԲ գործակալները և թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ։ NVIDIA-ն ԱԲ-ով զբաղվող աշխարհի ամենաառաջադեմ ընկերություններից է, ինչպես նաև շուկայական արժեքով աշխարհի ընկերություններից ամենաթանկը։ 

Հատուկ հյուրերի շարքում է Perceptron-ի հիմնադիր Արմեն Աղաջանյանը՝ «Արհեստական բանականության հայկական դոկտրին» բանախոսությամբ։ 

Հանդիսատեսի համար AI Conf-ի մուտքը, ինչպես և նախորդ տարիներին, ազատ է, և այս տարի ակնկալվում է ռեկորդային հոսք՝ շուրջ 2000 մասնակից։ Համաժողովի դահլիճն ամբողջությամբ տրամադրվելու է երիտասարդ գիտնականներին, ուսանողներին, տեխնոլոգիական ձեռներեցներին և բոլոր նրանց, ում հետաքրքիր է ԱԲ հայկական հեռանկարը։ 

Վերջին տարիներին Հայաստանը գերհամակարգիչների և GPU ենթակառուցվածքների առումով արձանագրել է աննախադեպ աճ։ Մեկնարկած ներդրումային ծրագրերի բարեհաջող ընթացքի դեպքում արդեն հաջորդ տարի Հայաստանը կդառնա հաշվողական համախառն հզորությամբ աշխարհի թոփ 10 երկրներից մեկը։ Եվ գալիք AI Conf Armenia-ն մեծապես միտված է սրընթաց այս աճը վերաիմաստավորելուն և երկրի զարգացմանը ծառայեցնելու ուղիներ որոնելուն։ 

AI Conf-ի գործընկերներն են՝ Firebird.ai-ը և PMI Science Armenia-ն։ Հովանավորներ՝ Krisp, Formula VC, Elevate.AI։ 

Համաժողովի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը, «Երևանէն» գիտակրթական հիմնադրամը (YerevanN),  Krisp ընկերությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ/UATE)։