USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ամերիկյան աքսելերատոր «Plug and Play»-ը մասնաճյուղ կբացի Երևանում և կնպաստի Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը

03.07.2025, 15:47
Միջազգային հեղինակավոր ընկերությունը՝  աքսելերատոր «Plug and Play»-ը, նախատեսում է  մասնաճյուղ բացել Հայաստանում
Ամերիկյան  աքսելերատոր «Plug and Play»-ը մասնաճյուղ կբացի Երևանում և կնպաստի Հայաստանում  ստարտափ էկոհամակարգի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ամերիկյան խոշորագույն աքսելերատոր-ը՝ «Plug and Play»-ը, պատրաստվում է ​​մասնաճյուղ բացել Հայաստանում։ Այս մասին հինգշաբթի Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ «Plug and Play»-ի հետ երկարաժամկետ համագործակցության շրջանակում, որի նախագիծը կառավարության կողմից հաստատվել է հուլիսի 3-ին, պատրաստվում է հատուկ համաձայնագիր, որը նպատակաուղղված է մինչև 2028 թ.-ը ՀՀ-ում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։

՝ «Plug and Play»-ի Linkedin-յան էջի համաձայն՝ երեք տարվա ծրագիրը արժե 4 մլն դոլար։

«Plug and Play»-ը քաջատեղյակ է հայաստանյան շուկային և ստարտափ էկոհամակարգին, ուստի առաջարկվում է «Plug and Play»-ի հետ համագործակցությունը դարձնել շարունակական՝ հնարավորություն տալով ձեռք բերված արդյունքները զարգացնել առաջիկա տարիների ընթացքում: 2024 թ.-ին «Plug and Play»-ը հաղթեց նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում՝ միջազգային աքսելերացիոն ծրագրեր իրականացնող հինգ խոշոր համաշխարհային ընկերություններից մեկին Հայաստան ներգրավելու համար», - նշեց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ 2024-2025 թթ. ընկերությունը իրականացրել է 26 շաբաթ տևողությամբ աքսելերացիոն ծրագիր, որի շահառուներն էին ինկուբացիոն և աքսելերացիոն փուլերն անցած 20 հայկական ստարտափներ։

«Աքսելերացիոն ծրագիրը նպատակ ուներ գաղափարներ ունեցող խմբերի հետ մենթորական և խորհրդատվական աշխատանքներ իրականացնել, ապահովել գաղափարից բիզնես շղթան, համապատասխան ցանցը (network), ինչպես նաև ծրագրի շրջանակում ներդրումներ ներգրավել այդ ստարտափների համար», - ասաց Հայրապետյանը։

Արդյունքում, ինչպես նշեց նախարարը, ձեռք են բերվել նախնական համաձայնություններ և ներդրումներ են կատարվել ստարտափների համար։

«Ծրագրի շրջանակներում բոլոր հայկական ստարտափներին հնարավորություն է տրվել աշխատել Սիլիկոնյան հովտի համապատասխան կորպորացիաների հետ, կապեր հաստատել և գործարքներ կնքել, ինչը այս ծրագիրը դարձնում է բավականին արդյունավետ։ Այս ստարտափները համալրվել են նոր աշխատակիցներով, և ստարտափներում ներդրումները կարող են կարևոր նշանակություն ունենալ տնտեսական զարգացման համատեքստում», - ընդգծեց Հայրապետյանը։

«Plug and Play»-ի մասին

Plug and Play-ը միջազգային, հեղինակավոր նորարարական հարթակ և ստարտափ աքսելերատոր է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն միավորում է ստարտափներին, կորպորացիաներին և ներդրողներին՝ տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի զարգացումը խրախուսելու համար:

«Plug and Play»-ը համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են VIZA-ն, ROCHE-ն, JAGUAR LAND ROVER-ը, WALMART-ը, Mercedes-Benz-ը, VOLVO-ն, PORSHE-ը, MISSAN-ը:

«Plug and Play»-ի պորտֆոլիոն ներառում է ավելի քան 30 վենչուրային ընկերությունների հետ աշխատանք: Դրանց թվում են PayPal-ը, Dropbox-ը, Honey-ը, SoundHound-ը, Rappi-ն, CourseHero-ն, Pinterest-ը, Pony.ai-ն և այլն:

Համաձայն Pitchbook միջազգային տեղեկատվական և վիճակագրական հարթակի տվյալների՝ «Plug and Play»-ը ճանաչվել է 2024 թ.-ին Եվրոպայում ամերիկյան կապիտալով ամենաշատ ներդրումներ իրականացրած կազմակերպությունը՝ առաջ անցնելով միջազգային այլ հեղինակավոր աքսելերատորներից, ինչպիսիք են՝ «Y Combinator»-ը և «Techstars»-ը: Համաձայն եվրոպական ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ վիճակագրական տվյալներ հրապարակող Sifted հարթակի տվյալների՝ «Plug and Play»-ը 2025 թ.-ի առաջին եռամսյակում Եվրոպայում 3-րդ ամենաակտիվ վենչուրային ներդրողն է: