ԶԼՄ–ները՝ որպես այդպիսին, կդադարեն գոյություն ունենալ և ամբողջովին կմտնեն սոցիալական կայքեր
Mail.Ru Group ընկերությանը պատկանող «Օդնոկլասնիկի» ռուսական սոցիալական ցանցը գործարկում է կայքի հայալեզու տարբերակը։ «Օդնոկլասնիկին» Հայաստանի ամենաճանաչված սոցիալական ցանցն է` LiveInternet–ի տվյալներով, այցելուների թիվը կազմում է օրական 787 000, որոնցից 270 000–ն օգտվում է ցանցից բջջային սարքերի միջոցով։ Սոցցանցի զարգացման հետագա ռազմավարության և այլ թեմաների մասին «ԱՌԿԱ» գործակալության թղթակցին պատմեց Mail.Ru Group–ի «Սոցիալական ցանցեր» բիզնես–ստորաբաժանման մարքեթինգի և ռազմավարական հաղորդակցությունների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը։
«ԱՌԿԱ». Ալեքսանդր, դուք «Օդնոկլասնիկին» հայերեն եք թարգմանում։ Ե՞րբ նման անհրաժեշտություն առաջացավ։
Ա.Իզրյադնով. Նախևառաջ, մենք վերլուծեցինք Հայաստանում մեր սոցցանցի ճանաչվածության մակարդակը։ Ուսումնասիրությունների արդյունքները ցույց տվեցին, որ «Օդնոկլասնիկին» ձեր երկրում ավելի տարածված է, քանի հետխորհրդային որևէ երկրում։
Մենք նաև նայեցինք, թե որ լեզվով են խոսում մարդիկ, և հասկացանք, որ բնակչության մեծ մասը խոսում է հայերեն և բոլորովին չգիտի ռուսերեն, իսկ քանի որ մեր նպատակն օգտագործողների մասին ամեն ինչ հարմար դարձնելն է` մենք մտածեցինք, որ Հայաստանում «Օդնոկլասնիկիից» օգտվելը հայերեն լեզվով ավելի հարմար կլինի։
«ԱՌԿԱ». Դուք բազմիցս նշել եք, որ «Օդնոկլասնիկիի» սեփական թարգմանություն չունեն ԱՊՀ բազմաթիվ երկրներ, նույնիսկ Ղազախստանը։ Այլ կերպ ասած` Հայաստանն առա՞ջ է անցել այս բոլոր երկրներից։
Ա.Իզրյադնով. Այո, Ղազախստանում թարգմանություն առայժմ չկա, բայց դա էլ կլինի։ Անշուշտ, Հայաստանն այս հարցում շատերից առաջ է անցել, բայց անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն փաստը, որ նույն Ղազախստանում շատերն են խոսում ռուսերեն, այսինքն, ռուսերենը հիսուն տոկոսով միմյանց հետ շփվելու լեզու է շարունակում մնալ։
«ԱՌԿԱ». Ըստ ձեզ, Հայաստանում սոցցանցերի օգտագործողների աճ կլինի՞ «Օդնոկլասնիկիի» տեղայնացումից հետո։
Ա.Իզրյադնով. Իհարկե։ Մենք նախատեսում ենք, որ այն օգտագործողները, ովքեր չէին կարողանում մտնել «Օդնոկլասնիկի» և շփվել այն պատճառով, որ ինտերֆեյսն ամբողջովին ռուսերեն էր, կվերադառնան մեր սոցցանց։
«ԱՌԿԱ» Իսկ կա՞ն հնարավոր աճի վերաբերյալ կանխատեսումներ։
Ա.Իզրյադնով. Առայժմ ոչ, քանի որ դա նոր գործ է, ըստ էության մենք ցանցի թարգմանած տարբերակը գործարկել ենք միայն Ուզբեկստանում, բայց նաև հույս ունենք, որ զգալիորեն կբարձրանա մեր օգտագործողների կոռեկտությունը։
«ԱՌԿԱ». «Օդնոկլասնիկի» սոցցանցի օրական լսարանը տարվա ընթացքում աճել է 30 տոկոսով։ Որո՞նք են դրա հետագա զարգացման հեռանկարները` հաշվի առնելով Facebook–ի տարածվածության կտրուկ աճը։
Ա.Իզրյադնով. Օդնոկլասնիկին պատրաստվում է զարգանալ և աճել։ Նախևառաջ, մենք աճում ենք մեր ծառայությունները պարզեցնելու հաշվին։ Մեր հաջողությունը կապված է այն հանգամանքի հետ, որ մենք հայտնի ենք որպես շփման համար ամենահասարակ սոցիալական ցանց։ Քանի որ վերջին մեկուկես տարիների ընթացքում հայտնվել են մի շարք ներդիրներ և սերվիսներ, մեր նպատակն է անել այնպես, որ մեր ցանցից օգտվելը չբարդանա։
Սա առաջիկա տարիների զարգացման ռազմավարության կարևորագույն մասերից է։ Միաժամանակ, մենք մշտապես կգործարկենք նոր և հետաքրքիր ներդիրներ ու ծառայություններ։
«ԱՌԿԱ». Դրամայնացման ի՞նչ տարբերակներ եք կիրառում Հայաստանում։
Ա.Իզրյադնով. Բոլորովին նույն մեթոդները, ինչ որ այլ երկրներում։ Այսինքն, «Օդնոկլասնիկիի» եկամուտները բաժանվում են հետևյալ կերպ` 1/3–րդը լրացուցիչ սերվիսներից, օրինակ, նվերներից, ստացված եկամուտներն են, 1/3–րդը` խաղերից, մնացածը գովազդ է։ Մեր բիզնես–մոդելը տարբերվում է այլ սոցցանցերից, ինչպես Facebook–ը կամ ՎԿոնտակտե–ն է, որտեղ եկամուտների 80 տոկոսը ստացվում է հենց գովազդից։
«ԱՌԿԱ». Ի դեպ, գովազդի մասին։ Հայաստանում ինտերնետ–գովազդն ի՞նչ հեռանկար ունի։
Ա.Իզրյադնով. Կարծում եմ, որ Ինտերնետի հետագա ներթափանցմանը և լսարանի էլ ավելի մեծացմանը զուգընթաց, ինչպես նաև Ինտերնետի զարգացման հետ, Ինտերնետ–գովազդի շուկան կաճի` այլընտրանք չունենալով։
Հայաստանում նկատվում է նույն միտումը, ինչ որ այլ երկրներում, այդ թվում` Ռուսաստանում։ Ինտերնետ–գովազդի շուկան կդառնա ավելի խոշոր, քան տպագիր լրատվամիջոցներում տեղ գտած գովազդը և ռադիոգովազդը։
«ԱՌԿԱ». «Օդնոկլասնիկիի» եկամուտների թվում դուք նշեցիք խաղերը։ Մտադիր եք, արդյո՞ք, հաշվի առնելով անցումը հայերեն լեզվի, համագործակցել հայկական ընկերությունների հետ, և կա՞ն հայկական խաղերի և ներդիրների ստեղծման ծրագրեր։
Ա.Իզրյադնով. Մենք խաղերի ստեղծման նախաձեռնող չենք, այլ հարթակ ենք դրանց տեղադրման համար։ Եթե լինեն մշակողներ Հայաստանից, ովքեր կառաջարկեն ձեր երկրին հարմար պրոդուկտներ և կհամապատասխանեն մեր սոցցանցում դրվելու բոլոր պահանջներին, ապա, անկասկած, այդ ներդիրները կհայտնվեն «Օդնոկլասնիկիում»։
Որպես օրինակ կարող եմ բերել Իսրայելից բերված խաղերը, որոնք շատ ճանաչված են և մշակողներին լուրջ եկամուտներ են բերում։
«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն է նոր մեդիայի զարգացման ներուժը` հաշվի առնելով սոցցանցերի աճը։
Ա.Իզրյադնով. Ներուժը հսկայական է, որովհետև անձամբ ես կարծում եմ, որ որոշակի պահի մեր պատկերացրած ԶԼՄ–ները կդադարեն գոյություն ունենալ և ամբողջովին կանցնեն սոցցանցեր։
Սոցիալական ցանցերում արդեն կան այնպիսի ներդիրներ, որոնք, ըստ էության, լիարժեք լրատվամիջոցներ են։ Այսուհետ ոչինչ փնտրել պետք չէ, այլ պարզապես ներդիրների տվյալների համեմատ կարելի է կարդալ լուրեր, ընտրել հետաքրքիր նյութեր, այսինքն, կարելի է ներդիրը հարմարեցնել մեզ։ Դա արդեն գոյություն ունի, այնպես որ, կարծում եմ` կանխատեսումս բավականին իրատեսական է։ -0-