Թողարկվել է Firefox OS–ի առաջին թարմացումը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Firefox OS օպերացիոն համակարգով առաջին երկու սմարթֆոնների` Keon–ի և Peak–ի տերերին հասանելի է դարձել օպերացիոն համակարգի առաջին թարմացումը` Firefox OS 1.1։ Այդ մասին ասվում է Geeksphone սթարթափի պաշտոնական ֆորումում, որը դա թողարկել է։
Firefox OS 1.1–ում աշխատանք է տարվել ինտերֆեյսի, որոշ ներդիրների և ֆունկցիաների ուղղությամբ, հաղորդում է cnews.ru–ն։
Այսպես, էլեկտրոնային փոստի հետ աշխատանքի ներդիրը բազմաթիվ թարմացումներ ունի, մի շարք սխալներ են ուղղվել։ Բարելավվել է նաև օրացույցի ներդիրը։ Ականջակալների միացման ժամանակ օգտագործողներն ավելի ցածր ձայն դնելու հնարավորություն ունեն, բացի այդ, նրանք կարող են պատասխանել մուտքային զանգերի միացված ականջակալներով, որոնք բարձրախոս չունեն` կապի համար օգտագործվում է անմիջապես սմարթֆոնում ներկառուցված բարձրախոսը։
Փոխվել են նաև ներդիրների պիտակները` նոր տարբերակում դրանք ավելի փոքր են դարձել։
Firefox OS 1.1 թարմացում կատարած օգտագործողները նշում են սմարթֆոնի բեռնման ժամանակի էական կրճատումը` 3 անգամ, գրում է Engadget–ը։
Geeksphone ընկերությունում նշում են, որ չնայած նոր թարմացման մի շարք բարելավումներին` դեռ մեծ աշխատանք կա անելու։ Օրինակ, փոստային ներդիրում առաջվա պես չկան իրազեկումներ և հասցեատերերի դաշտերի ավտոմատ լրացում, իսկ օրացույցի ներդիրում` ժամանակի ավարտի ավտոմատ շտկում, երբ օգտագործողն իրադարձությունը տեղափոխում է ավելի ուշ, և այդ պատճառով ժամանակը շտկվում է մեխանիկորեն` ձեռքով։
Նոր թարմացումն առաջարկվում է բեռնել և տեղադրել ինքնուրույն։ Իսկ հրահանգները տեղադրված են ֆորումում։
Firefox OS օպերացիոն համակարգով առաջին սմարթֆոնը կոմերցիոն շուկայի համար ներկայացվել էր երեք շաբաթ առաջ։ Սարքն Իսպանիայում վաճառքի է հանվել 69 եվրոյով` ներառյալ 30 եվրո կապի ծառայությունների համար։
Firefox OS–ը մի քանի այլ օպերացիոն համակարգերի հետ, ներառյալ Sailfish OS, պատկանում են Linux միջուկով ՕՀ–ներին։ IDC–ի տվյալներով, 2013 թվականի առաջին եռամսյակում օպերացիոն այդ համակարգերին էր պատկանում սմարթֆոնների համաշխարհային շուկայի 1 տոկոսը քանակային արտահայտմամբ։ Android պլատֆորմը պատկանում է այդ խմբին, սակայն վերլուծաբանները, որպես կանոն, դրա հիմքով սարքերի մատակարարումներն առանձին են հաշվում։ -0-