ՀՀ-ն Ֆրանսիային առաջարկել է համագործակցություն նորարարությունների և արհեստական բանականության մշակման ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի Եվրոպական հարցերով պատվիրակ Բենջամին Հադդադի հետ։
ՀՀ նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ դրանք դիտարկելով որպես ամուր հիմք տեխնոլոգիական ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացման համար։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի մարդկային կապիտալի ներուժը՝ ընդգծելով, որ մեր երկրների մասնագիտական կարողությունների համադրումը հատկապես կիսահաղորդչային արդյունաբերության, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) ոլորտում կարող է ստեղծել փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ և նպաստել համատեղ բարձրարժեք ինժեներական արտադրանքների ստեղծմանը։
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի հնարավորություններին՝ հանդիսանալու որպես գիտահետազոտական հարթակ ֆրանսիական ընկերությունների համար՝ նախագծման, նորարարական լուծումների մշակման և փորձարկման փուլերում, ինչպես նաև ֆրանսիական տեխնոլոգիական ընկերությունների ներգրավվածությանը Հայաստանի տնտեսական զարգացման, դիմակայունության բարձրացման, տնտեսության դիվերսիֆիկացման, եվրոպական ինտեգրման գործընթացի առաջմղման տեսանկյունից։
Քննարկվել է նաև բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես արհեստական բանականության, կիսահաղորդչային արդյունաբերության և կիբեռանվտանգության ուղղություններով։
Անդրադարձ է կատարվել արդեն ձևավորված համագործակցություններին, «Mistral AI» և այլ ընկերությունների հետ ընթացիկ ծրագրերին ու դրանց զարգացման հեռանկարներին։
Կողմերը վերահաստատել են ռազմավարական գործընկերության ձևավորման կարևորությունը՝ ընդգծելով ակտիվ երկխոսության և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։