«Ապագայի փողը. Տնտեսական ազդեցությունը»․ Երևանում ապրիլի 3–ին կանցկացվի Doing Digital Forum 2025–ը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների առանցքային միջոցառումը՝ Doing Digital Forum-ն այս տարի կանցկացվի ապրիլի 3–ին արդեն երրորդ տարին անընդմեջ։ DDF25-ի խորագիրն է «Ապագայի փողը. Տնտեսական ազդեցությունը»։
«Տեխնոլոգիաները վերափոխում են տնտեսությունն ու գլոբալ ֆինանսական լանդշաֆտը, ձևավորում նոր օրակարգեր և արագացնում հասարակական բոլոր համակարգերի տրանսֆորմացիան։ Այս տարի ևս, արձագանքելով համաշխարհային օրակարգին, Doing Digital Forum 2025-ը կքննարկի ապագայի փողի ձևավորումը, և թե ինչպես են ֆինանսական ու տնտեսական համակարգերը զարգանալու՝ համընթաց գնալով տեխնոլոգիական առաջընթացին։ Ֆորումին կքննարկենք նաև Հայաստանում այս ուղղությամբ իրականացվող քայլերը և սպասվող կարգավորումները։ Կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ Doing Digital Forum-ի հիմնական գործառույթը եղել և շարունակում է լինել հասարակությանը կրթելը, այս բոլոր փոփոխություններին նախապատրաստելը»,- նշում է Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։
Ֆորումը կհամախմբի բիզնեսի և տնտեսության տարբեր ոլորտների առաջատարներին, պետական կառույցների և կարգավորող մարմինների ներկայացուցիչներին, ֆինանսական և տեխնոլոգիական ընկերություններին ու փորձագետներին՝ քննարկելու, թե ինչպես են թվային արժույթները, բլոքչեյն տեխնոլոգիաները և Web3 լուծումները վերափոխում գլոբալ ֆինանսական համակարգը, տնտեսությունն ու հասարակությունը։
DDF25-ի գլխավոր խոսնակը Գերդ Լեոնհարդն է՝ աշխարհի թոփ 10 ֆուտուրիստների շարքին դասվող աշխարհահռչակ բանախոս։ Նա «Technology vs Humanity» բեսթսելեր գրքի հեղինակն է, Fortune 500 ընկերությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների խորհրդատու, ինչպես նաև թվային էթիկայի ոլորտի առաջատար մասնագետ։ Նա հանդես է եկել ավելի քան 2000 ելույթներով 70-ից ավելի երկրներում, եղել է Mercedes-Benz, Microsoft, NBC, Visa, Google, IBM և այլ խոշոր ընկերությունների խորհրդատու։ Տեխնոլոգիաների և մարդկության ապագայի, թվային փոխակերպման և արհեստական բանականության մասին Գերդի հեղինակային ֆիլմերն ու հոլովակները ներգրավել են միլիոնավոր դիտողների:
Երրորդ Doing Digital Forum-ին հանդես կգան այլ հանրահայտ խոսնակներ ևս․ Հենրի Արսլանյանը, ով Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիրն է, ֆինանսական ծառայությունների ոլորտի գլոբալ բեսթսելեր՝ The Future of Finance, The Book of Crypto գրքերի հեղինակը, Amazon-ի վեբ ծառայությունների կորպորատիվ տեխնոլոգ, տեխնոլոգիական ոլորտում 20 տարվա փորձառություն ունեցող առաջատար էքսպերտ Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը, Visa-ի CEMEA տարածաշրջանի թվային տեխնոլոգիաների և ռազմավարության ղեկավար Էնդրյու Թրուոնգը, ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն, Apricot Capital DIFC Limited ընկերության (Դուբայ, ԱՄԷ) ավագ գործադիր տնօրեն Օֆելյա Աղաքարյանը, Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրեն Սեմի Զաֆարը և այլք։
Doing Digital ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։
«ԱՌԿԱ Տելեկոմ»–ը Doing Digital Forum 2025–ի մեդիագործընկերն է։