Հայաստանը, հնարավոր է, հայտնվի ընտրության առաջ ԱՄՆ–ի և Չինաստանի AI– մրցակցության ֆոնին․ Reuters
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ-ն պատրաստվում է նախազգուշացնել այն երկրներին, որոնք միացել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության վերաբերյալ Վաշինգտոնի աջակցությունը վայելող հայտարարությանը, որ ամերիկյան տեխնոլոգիական նախաձեռնությանը մասնակցությունը կարող է անհամատեղելի լինել մրցակցող մեխանիզմներին միանալու հետ:
Ինչպես հայտնում է Reuters-ը, խոսքն առաջին հերթին Չինաստանի կողմից առաջ մղվող՝ արհեստական բանականության ոլորտի նախաձեռնության մասին է: Հայաստանը մտնում է ամերիկյան հայտարարության ստորագրողների թվի մեջ:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյանին և գործակալության տրամադրության տակ հայտնված ԱՄՆ Պետդեպարտամենտի ներքին նամակի նախագծին, Վաշինգտոնը մտադիր է հասնել նրան, որ գործընկերներն ավելի հստակ ընտրություն կատարեն արհեստական բանականության ոլորտում միջազգային համագործակցության ամերիկյան և չինական մոդելների միջև:
Նամակի նախագիծը պատրաստված է Joint Statement on AI Opportunity Partnership-ի 35 ստորագրողների համար: Պետդեպարտամենտի հրապարակած հայտարարության ստորագրողների ցանկում նշված է նաև Հայաստանը:
Ըստ Reuters-ի՝ նախագծում ասվում է, որ ամերիկյան նախաձեռնությանը մասնակցությունը չպետք է համատեղվի կրկնօրինակող մեխանիզմներում անդամակցության հետ, որոնց պահանջները հակասում են դրա սկզբունքներին: Ընդ որում, Չինաստանն անմիջականորեն այս ձևակերպման մեջ չի նշվում:
Սակայն ամերիկացի պաշտոնյան Reuters-ին պարզաբանել է, որ Վաշինգտոնին մտահոգում է Պեկինի կողմից ստեղծվող World Artificial Intelligence Cooperation Organization-ին գործընկերների մասնակցությունը: Նրա խոսքով՝ բարդ է միաժամանակ երկիրը դիրքավորել որպես մեկ տեխնոլոգիական էկոհամակարգի վստահելի մասնակից և միանալ նախաձեռնությանը, որն առաջ է մղում արհեստական բանականության զարգացման մրցակցող տեսլականը:
ԱՄՆ-ի մտահոգության առիթ է դարձել, մասնավորապես, Ղազախստանը, որը, Reuters-ի տվյալներով, առայժմ միակ հայտնի երկիրն է, որը միաժամանակ միացել է ամերիկյան և չինական նախաձեռնություններին:
Ընդ որում, խոսքն առայժմ հենց ներքին փաստաթղթի նախագծի մասին է: Reuters-ին չի հաջողվել պարզել, թե երբ է նախատեսվում ուղարկել նամակը և արդյոք կպահպանվի դրա ներկայիս խմբագրությունը: Պետդեպարտամենտը հրաժարվել է գործակալության համար մեկնաբանել ներքին փաստաթղթերի ենթադրյալ արտահոսքի բովանդակությունը:
Հայաստանը և ամերիկյան AI-նախաձեռնությունը
Հունիսի 25-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյկոբ Հելբերգը Վաշինգտոնում Pax Silica գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են Joint Statement on AI Opportunity Partnership-ը:
Փաստաթուղթը նախատեսում է համագործակցության խորացում AI-ի համար մատակարարումների ապագա շղթաներում, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքները, կրիտիկական հանքանյութերը, կադրերի պատրաստումը և կիսահաղորդիչների կայուն մատակարարման շղթաները:
Այլ ուղղությունների շարքում նշված են վենչուրային և տեխնոլոգիական կապիտալի ներգրավումը, գիտահետազոտական համագործակցությունը, նոր սերնդի տվյալների կենտրոնների (data-center) զարգացումը, հաշվարկային հզորությունների հասանելիության ընդլայնումը և արհեստական բանականության վստահելի մոդելների մշակումը:
Ընդ որում, անհրաժեշտ է տարբերակել երկու ձևաչափ. Հայաստանը մտնում է AI Opportunity Statement-ի ստորագրողների թվի մեջ, սակայն Պետդեպարտամենտի հրապարակած Pax Silica հռչակագրի 24 ֆորմալ ստորագրողների ցանկում Հայաստանը նշված չէ:
Ամերիկյան նամակի նախագծում շարադրված մոտեցումը պոտենցիալ հատուկ նշանակություն ունի Երևանի համար՝ հաշվի առնելով Հայաստանի կողմից իրականացվող արտաքին կապերի դիվերսիֆիկացման քաղաքականությունը:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Axios-ին տված հուլիսյան հարցազրույցում ընդգծում էր, որ Վաշինգտոնի և Եվրոպական միության հետ Երևանի համագործակցության ընդլայնումն ուղղված չէ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի կամ որևէ այլ երկրի դեմ:
Նա նաև խոսում էր մեկ արտաքին գործընկերոջից կախվածության նվազեցման հաշվին ինքնիշխանությունն ամրապնդելու Հայաստանի ձգտման մասին:
Եթե ամերիկյան փաստաթուղթն ուղարկվի ներկայիս խմբագրությամբ, այն կարող է Հայաստանի և AI Opportunity Statement-ի մյուս ստորագրողների առջև հարց դնել, թե որքանով է տեխնոլոգիական դիվերսիֆիկացման քաղաքականությունը համատեղելի ավելի ու ավելի մեկուսացող ամերիկյան և չինական AI-էկոհամակարգերի ձևավորման հետ: