ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԱՅԺՄ ՆԱԵՎ BLACKBERRY
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպարթֆոնների շուկան աստիճանաբար սկսում է զարգանալ՝ երկիր ներգրավվելով ավելի նոր ապրանքանիշներ և ստիպելով բջջային օպերատորներին մրցակցել և առաջարկել բաժանորդների համար առավել շահավետ ծառայություններ:
Օրեր առաջ Orange Armenia բջջային օպերատորը հայկական շուկայում ներկայացրեց դեռևս հուլիսի 14-ին ներկայացված BlackBerry սպարթֆոնն ու ծառայությունները՝ ներկայացնելով BlackBerry Bold 9700 սմարթֆոնի նոր մոդելը, որը համատեղելի է 3G HSDPA ցանցերի հետ և ունի 624 ՄՀՑ հզորությամբ գերժամանակակից պրոցեսոր, 256 Մբիթ հիշողություն, ներկառուցված GPS, Wi-Fi և 3,2 մեգապիկսելանոց տեսախցիկ:
BlackBerry ծառայությունը աշխարհի ցանկացած կետում ապահովում է շարժական հասանելիություն էլեկտրոնային փոստին, հեռախոսին, SMS-ներին, ինտերնետին, օրգանայզերին և գրասենյակային այլ հավելվածներին: Միաժամանակ տեղեկատվության պաշտպանության բարձր մակարդակ է ապահովված՝ հատուկ կոդավորման շնորհիվ: Բացի այդ, BlackBerry սմարթֆոններում օգտագործվում է տվյալների ծավալների նվազման յուրահատուկ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս շատ ավելի արագ փոխանցել մեծ չափերի ֆայլերը:
Չնայած Orange-ը նախօրոք հայտարարեց նորամուծության մասին, սակայն ընկերությունը չհասցրեց այն առաջինը ներկայացնել շուկայում, քանի որ նրանից առաջ անցավ բջջային մեկ այլ օպերատոր՝ VivaCell-MTS-ը, որը Հայաստանում ներկայացրեց այդ ծառայությունները և BlackBerry սմարթֆոնների միանգամից երեք մոդել:
Մոդելներ և սակագներ
Orange-ը հայ բաժանորդներին առաջարկում է սմարթֆոնի միայն մեկ մոդել՝ BlackBerry Bold 9700, որի արժեքը հայ սպառողների համար կազմում է 230 հազար դրամ: Ակնկալվում է, որ շուտով Orange-ը հայկական շուկայում կներկայացնի նաև BlackBerry-ի այլ մոդելները:
Իսկ VivaCell-MTS բջջային օպերատորը տեղական շուկայում առաջարկում է սպարթֆոնների միանգամից երեք մոդել՝ BlackBerry Bold 9000, BlackBerry Bold 9700 և BlackBerry Storm 2 9520, որոնց արժեքներն են համապատասխանաբար 210 հազար դրամ, 260 հազար դրամ և 290 հազար դրամ:
Միաժամանակ հարկ է նշել, որ եթե VivaCell-MTS ընկերությունն առաջարկում է սմարթֆոններ, որոնք աշխատում են ցանկացած օպերատորի ցանցում, ապա Orange ընկերությունը ներկայացնում է բրենդային մոդելներ, որոնք աշխատում են միայն Orange-ի SIM-քարտերով, սակայն ունեն մեկ առավելություն՝ մոդելները գործում են անկախ քարտը ձեռք բերելու երկրից: Orange ընկերությունը հատուկ BlackBerry-ի հայկական շուկայի համար ստեղծել է ծրագրային փաթեթ ինտերնետ ծառայություններից օգտվելու համար:
Ինչ վերաբերում է սակագնային պլաններին, ապա Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է սպարթֆոններ՝ համապատասխան ծառայությունների փաթեթով՝ ներառյալ 4 հազար դրամից մինչև տասը հազար դրամ արժեքով, ամսական փաթեթը ամսական 1 հազարից մինչև 1,5 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակով, ինչպես նաև 100-250 անվճար րոպե այլ օպերատորների ցանցում: Բաժանորդները հնարավորություն են ստանում միանալ 7,5 հազար դրամ արժողությամբ ինտերնետ ծառայությունների փաթեթին կամ ամսական 8-10 հազար դրամ արժողությամբ ինտերնետային հատուկ փաթեթին և օգտագործել 50-500 ՄԲ բոլոր ուղղություններով, ինչպես նաև օգտագործել այն որպես մոդեմ լայնաշերտ ինտերնետ հասանելիության համար:
VivaCell-MTS ընկերությունն իր հաճախորդներին BlackBerry-ի համար առաջարկում է հատուկ սակագին՝ 9,9 հազար դրամ բաժանորդավճարով, որը ներառում է փոստային անսահմանափակ հասանելիություն, ինչպես նաև 500 րոպե ներցանցային խոսելաժամանակ և 500 SMS-հաղորդագրություն: Կորպորատիվ հաճախորդների համար գործում է հատուկ սակագին անսահմանափակ փոստային հասանելիությամբ և ներցանցային խոսելաժամանակով և SMS-հաղորդագրությամբ:
Մրցակիցների դիրքորոշումը
Հայկական շուկայի միակ օպերատորը, որն այս պահին չի ներկայացրել BlackBerry-ի սմարթֆոններ և ծառայություններ, «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) հեռահաղորդակցական ընկերությունն է: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանն իրավիճակը մեկնաբանեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, այսօրվա դրությամբ ընկերությունը նման ծրագրեր չունի:
«Ընկերության սրահներում ներկայացված հեռախոսների մեծ քանակությունը կարող է բավարարել ցանկացած ճաշակ՝ ամենապարզից մինչև ամենանրբաճաշակ մոդելը», - ասաց Բեղլոյանը:
Սմարֆոնների շուկան
Սմարթֆոնների հայկական շուկան, փաստորեն, սկսել է զարգանալ 2010 թ.-ին, երբ Orange ընկերությունը մարտին պաշտոնապես հայտարարեց IPhone-ների վաճառքի մասին: Դրանից հետո հանրաճանաչ սմարթֆոնների նոր շարքը հաճախորդներին առաջարկելու գծով մրցակցությունն ակտիվացավ, և երկու օպերատորները՝ Orange-ն ու VivaCell-MTS-ը գրեթե միաժամանակ գործարկեցին HTC սմարթֆոնների մի քանի մոդելներ: Այսօրվա դրությամբ երկու ընկերություններն էլ գրեթե միաժամանակ կոմերցիոն վաճառքի հանեցին BlackBerry սմարթֆոնները:
Հայկական շուկայում IPhone-նն արժե 245 հազար դրամից մինչև 350 հազար դրամ, HTC-ին՝ 135 հազար դրամից մինչև 250 հազար դրամ, իսկ BlackBerry-ին՝ 210 հազար դրամից մինչև 290 հազար դրամ՝ կախված ընտրված մոդելից:
Փորձագետների գնահատականների համաձայն, սմարթֆոնների իրացման հայկական շուկան գնահատվում է տարեկան շուրջ 3-4 հազար միավոր: Հաշվի առնելով սմարթֆոնների արժեքն ու վաճառքի ծավալների գնահատականները՝ կարելի է գալ այն եզրակացության, որ սմարթֆոնների հայկական շուկան գնահատվում է տարեկան 848,7 միլիոն դրամ կամ շուրջ 2,3 միլիոն դոլար: Այս ամենը բավականին գրավիչ է օպերատորների և առաջարկների աճի ակտիվացման համար:-0-