USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Ucom-ի բաժանորդները 105 մլն դրամ կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

12.08.2020, 13:21
Ucom ընկերությունն իր բաժանորդների անունից 105 միլիոն ՀՀ դրամ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Ucom-ի բաժանորդները 105 մլն դրամ կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Ucom ընկերությունն իր բաժանորդների անունից 105 միլիոն ՀՀ դրամ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ հաշվի առնելով վերջինիս գործունեության ուղղությունը և արդիականությունը։ Որոշումն ընդունվել է Ucom-ի ֆիքսված կապի բաժանորդների կողմից իրականացված անվճար SMS-քվեարկության և զանգերի միջոցով հավաքագրված արդյունքների հիման վրա։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Անանուն SMS-քվեարկությունն իրականացրել է «Նիկիտա Մոբայլ» ընկերությունը՝ 1004 կարճ համարին գումարի տնօրինման վերաբերյալ բաժանորդների կարծիքը հավաքագրելու միջոցով։ 105 մլն դրամը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցելու օգտին քվեարկել է բազմահազար բաժանորդների 74.85 %-ը, իսկ գումարը բաժանորդների միջև բաշխելու օգտին՝ 25.15 %։

«Չնայած ընկերության համար այս բարդ ժամանակահատվածին՝ մեծ թվով աշխատակիցների միաժամանակյա հեռանալուն, տեխնիկական և ֆինանսական մարտահրավերներին, ընկերությունը շարունակական ջանքեր է գործադրել բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ։ Մենք չէինք ցանկանա, որ ներքին գործընթացների և կարգավորման աշխատանքների հետևանքները տեսանելի դառնային բաժանորդների համար, ինչի համար ներողություն ենք խնդրում։ Մենք իսկապես երախտապարտ ենք մեր բաժանորդներին դրսևորած համբերատարության, ցուցաբերած ըմբռնման և հավատարմության համար, իսկ դրամական միջոցների հատկացման վերաբերյալ որոշումն էլ շնորհակալություն հայտնելու մեր տարբերակն է։ Բաժանորդների ճնշող մեծամասնությունը գերադասել է 105 մլն դրամն ամբողջությամբ փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և դրանով աջակցել երկրի արդիական խնդիրներից մեկի լուծմանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-