Ucom-ը և «Նովոստի-Արմենիա»-ն առաջարկում են ստուգել ուժերը թվային զեղծարարության մասին խաղում
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը Ucom հեռահաղորդակցական ընկերության հետ համատեղ գործարկել է «Թվային դետեկտիվ» նոր ինտերակտիվ առցանց խաղը՝ նվիրված հեռախոսային և թվային զեղծարարությունների թեմային։
Նախագիծն իրականացվել է Newsarmenia.am կայքի «ԽԱՂԵՐ» նոր բաժնի շրջանակում և ուղղված է Հայաստանում օգտատերերի թվային գրագիտության ու կիբեռիրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
Այսօր զեղծարարները դառնում են ավելի ու ավելի համոզիչ. զանգում են տեղական համարներից, դիմում են անունով, ներկայանում են որպես տեխնիկական աջակցության աշխատակիցներ և օգտագործում են իրականությանն առավելագույնս մոտ սցենարներ։ Նույնիսկ փորձառու օգտատերերը միշտ չէ, որ կարողանում են միանգանից զգալ սպառնալիքը։
«Թվային դետեկտիվ» ինտերակտիվ խաղում օգտատերերին առաջարկվում է անցնել թվային զեղծարարության մի շարք տիպիկ սցենարներով՝ սկսած «5G-ի միացման» և «SIM քարտի հրատապ փոխարինման» մասին զանգերից մինչև «շահավետ սակագների» մասին պարտադրվող առաջարկներն ու կասկածելի հղումները։
Խաղացողները պետք է որոշումներ կայացնեն իրական ժամանակում և ստուգեն, թե որքանով են լավ կարողանում ճանաչել մանիպուլյացիաները և պաշտպանել իրենց տվյալները։
«Մենք տեսնում ենք, թե որքան արագ է փոխվում թվային սպառնալիքների միջավայրը։ Խաղային և ինտերակտիվ ձևաչափի միջոցով կարելի է շատ ավելի արդյունավետ կերպով լսարանին պատմել ռիսկերի և թվային անվտանգության կանոնների մասին։ Նման նախագծերը թույլ են տալիս ոչ միայն ներգրավել օգտատերերին, այլև օնլայն միջավայրում ձևավորել օգտակար սովորություններ»,- նշել են «Նովոստի-Արմենիա»-ում։
Խաղն անցնելու համար կարող եք հետևել հղմանը. «Թվային դետեկտիվ»։
Անցեք խաղը, ընտրեք ձեր գործողությունների տարբերակները և պարզեք, թե ով եք դուք իրականում՝ կիբեռանվտանգության գիտակ, թե՞ խոցելի թիրախ զեղծարարների համար։
Ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը հայտարարել էր «ԽԱՂԵՐ» նոր ինտերակտիվ բաժնի գործարկման մասին, որը միավորում է ինտելեկտուալ, տրամաբանական և ժամանցային առցանց խաղեր կայքի օգտատերերի համար։