USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Orange-ը ողջունում է Հայաստանում MNP ծառայության ներմուծումը

19.06.2013, 17:15
Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը ողջունում է Հայաստանում շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության (Mobile Number Portability – MNP) ներմուծումը և այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենալու Հայաստանի շարժական կապի շուկայում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Orange-ը ողջունում է Հայաստանում MNP ծառայության ներմուծումը
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը ողջունում է Հայաստանում շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության (Mobile Number Portability – MNP) ներմուծումը և այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենալու Հայաստանի շարժական կապի շուկայում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հունիսի 15-ից ուժի մեջ է մտել «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2014թ. Հայաստանում հնարավոր կլինի ներդնել շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը: Այն բոլոր բաժանորդներին հնարավորություն կտա փոխել իրենց օպերատորին՝ առանց հեռախոսահամարը փոխելու անհրաժեշտության:

«Արևմտյան Եվրոպայում և այլ երկրներում, որտեղ ներդրվել է շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը, շուկան մեծապես բարելավվել է, և մենք շատ ուրախ ենք, որ շուտով հայ սպառողները նույնպես կկարողանան ունենալ ընտրության ազատություն:  Orange-ը երկար ժամանակ կողմ է եղել Հայաստանում այս ծառայության ներդրմանը, և մենք գիտենք, որ ծառայության մեկնարկից հետո բաժանորդների համար օպերատոր ընտրելու հիմնական չափանիշները լինելու են ծառայության ու սպասարկման որակը, քանի որ բաժանորդները կկարողանան ընտրել իրենց ցանկացած օպերատորին և միաժամանակ պահել իրենց ներկա հեռախոսահամարը»,– ասել է Ժելիբտերը։

Orange Armenia ընկերությունը, որն ավանդաբար կողմ է հանրապետությունում MNP համակարգի ներմուծմանը, հայտնել էր 2013թ.–ի ամռանն այն ներմուծելու պատրաստակամության մասին։ Հայաստանի մյուս բջջային օպերատորները` ՎիվաՍել–ՄՏՍ–ը և «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline) կարծիք են հայտնել, որ դեռ պետք է սպասել։

Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած ընթացակարգի՝ երեք օպերատորները պետք է ստեղծեն համատեղ ընկերություն և միասնական տվյալների բազա, որպեսզի կարողանան գործարկել այս ծառայությունը 2014թ. հունվարի 1-ին:

«Orange-ը կանի իր հնարավորության սահմաններում ամեն ինչ՝ այս համակարգի արագ ու որակով ներդրմանն աջակցելու համար՝ մասնավորապես կիսվելով իր և Orange Խմբի փորձով»,– նշել է Ֆրանսիս Ժելիբտերը:

Ըստ փորձագետների գնահատականների, MNP–ի ներմուծումն օպերատորներից լրացուցիչ ներդրումներ կպահանջի հաշվետվության և բիլինգային համակարգերի ամբողջական փոխարինման համար։

Առաջին անգամ աշխարհում ֆիքսված համարների տեղափոխելիության ծառայությունը ներդրվել է 1995 թվականին Հոնկոնգում, իսկ բջջային հեռախոսներինը` 1997 թվականին Սինգապուրում։

Neustar Inc. Ամերիկյան ընկերության  (մասնագիտանում է NP-լուծումների ուղղությամբ)` 2011 թվականի տվյալներով, MNP–ն օգտագործվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարիներին ծրագրվում է ներդնել ևս 20 երկրում։

ԱՄՆ–ում, Տնտեսական հետազոտությունների Սթենդֆորդի համալսարանի տվյալներով, MNP–ի ներդրումից հետո կապի ծառայությունների սակագները նվազել են միջինը 4-4.5 տոկոսով, միաժամանակ բաժանորդների ծախսերի համախառն նվազումը կազմել է ամսական մոտ 120 մլն դոլար։

Եվրոպայում MNP–ի ներդրումից հետո արձանագրվել է բջջային կապի` միջինը 4–տոկոսանոց նվազում, ֆիքսված կապի` մինչև 11–տոկոսանոց նվազում։

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին։ ($1 –ը` 412,51 դրամ) -0-