USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանում գործող բջջային օպերատորները պարտավոր կլինեն ապակոդավորել հեռախոսներն ու պլանշետները

31.03.2014, 18:13
Հայաստանում համարների տեղափոխելիության ծառայության (Mobile Number Portability - MNP) ներդրման կապակցությամբ օպերատորները պարտավոր կլինեն ապակոդավորել պայմանագրով գնված հեռախոսներն ու պլանշետները, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը։
Հայաստանում գործող բջջային օպերատորները պարտավոր կլինեն ապակոդավորել հեռախոսներն ու պլանշետները
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում համարների տեղափոխելիության ծառայության (Mobile Number Portability - MNP) ներդրման կապակցությամբ օպերատորները պարտավոր կլինեն ապակոդավորել պայմանագրով գնված հեռախոսներն ու պլանշետները, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը։

«Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը և վերցրել հետևյալ սկզբունքը` այն օպերատորները, որոնք բաժանորդների հետ սուբսիդավորված առևտրի կամ ժամանակավոր պայմաններով պայմանագրեր են կնքել, պարտավորվում են ապակոդավորել արգելափակված պլանշետները և հեռախոսներն ապրանքի շուկայական գնի և արդեն վճարված գումարի միջև տարբերությունը վճարելիս, եթե պայմանագրի ժամկետները դեռ չեն լրացել»,– ասաց Սամվել Արաբաջյանը երկուշաբթի ասուլիսում։

Ըստ նրա, եթե պայմանագրի ժամկետն արդեն լրացել է, ապա օպերատորը պարտավորվում է միանգամից ապակոդավորել սարքերը, և այդ ընթացակարգի առավելագույն ժամկետը պետք է կազմի ոչ ավելի, քան 3 աշխատանքային օր, իսկ բարդ տեխնիկական խնդիրների առկայության դեպքում` մինչև 5 աշխատանքային օր։

Նա նշեց, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բջջային կապի օպերատորի կոդավորած հեռախոսների և պլանշետների օգտագործումը մի շարք երկրներում MNP ծառայությունից օգտվելու խոչընդոտ է պայմանագրով նախատեսված ժամանակավոր պարտավորությունների առկայության պատճառով։ Այդ պատճառով տեխնիկայի ապակոդավորման ընթացակարգն անվճար պետք է լինի։

Բացի այդ, ՀԾԿՀ անդամն ավելացրեց, որ եթե բաժանորդին վաճառվել է որոշակի ժամկետով և պայմաններով կոդավորված սարք, ապա ապակոդավորումն օպերատորն իրականացնելու է բաժանորդի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում, առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այն սարքավորումները, որոնց ապակոդավորումը արտադրողի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր չէ իրականացնել, օպերատորի կողմից պետք է ապահովվի առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Օպերատորները պետք է ապակոդավորեն նաև իրենց մոտ վաճառվող սարքավորումները։

Հայկական շուկայում գործում է բջջային կապ ապահովող երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), Վիվասել–ՄՏՍ–ը («Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական օպերատորի դուստր ընկերություն) և Օրանժ Արմենիան (Ֆրանս Տելեկոմի դուստր ընկերություն): 2013թ.–ի հուլիսի 30-ին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները հիմնեցին «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն», որի նպատակն է ստեղծել և շահագործել  շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունները Հայաստանում:

Ֆիքսված համարների տեղափոխելիության ծառայությունն աշխարհում առաջին անգամ ներդրվել է 1995 թ.–ին Հոնկոնգում, իսկ բջջային համարների ծառայությունը` 1997 թ.–ին Սինգապուրում։ NP լուծումների գործում մասնագիտացած Neustar Inc. ամերիկյան ընկերության տվյալների համաձայն` 2011 թ.–ի հունիսին MNP ծառայությունը մատուցվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարում նախատեսվում է այն ներդնել ևս 20 երկրում։   -0-