USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

Բոլոր երեք օպերատորներն էլ պատրաստ են ապրիլի 1–ից MNP համարների տեղափոխելիության ծառայություն մատուցել. ՀԾԿՀ

31.03.2014, 17:04
Հայաստանում գործող բջջային կապի բոլոր երեք օպերատորները պատրաստ են ապրիլի 1–ից MNP համարների տեղափոխելիության ծառայություն (Mobile Number Portability - MNP) մատուցել, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը։
Բոլոր երեք օպերատորներն էլ պատրաստ են ապրիլի 1–ից MNP համարների տեղափոխելիության ծառայություն մատուցել. ՀԾԿՀ
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործող բջջային կապի բոլոր երեք օպերատորները պատրաստ են ապրիլի 1–ից MNP համարների տեղափոխելիության ծառայություն (Mobile Number Portability - MNP) մատուցել, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը։

«Այս պահին բոլոր երեք օպերատորները կատարում են իրենց պարտավորությունները, և վաղվանից այդ ծառայությունը հասանելի կլինի»,–
ասաց Արաբաջյանը։

Հայկական շուկայում գործում է բջջային կապ ապահովող երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), Վիվասել–ՄՏՍ–ը («Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական օպերատորի դուստր ընկերություն) և Օրանժ Արմենիան (Ֆրանս Տելեկոմի դուստր ընկերություն): 2013թ.–ի հուլիսի 30-ին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները հիմնեցին «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն», որի նպատակն է ստեղծել և շահագործել  շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունները Հայաստանում:

Արաբաջյանը հայտնեց, որ երկրում ծառայությունից օգտվելը դյուրացնելու համար ներդրվել է «մեկ պատուհան» համակարգը, և մի օպերատորից մյուսին անցնելու համար բաժանորդը պետք է անձնագրով դիմի այն օպերատորին, որի մոտ ցանկանում է անցնել։

Ընթացակարգն անցկացվում է անվճար, և դրա առավելագույն  տևողությունը պետք է կազմի երեք աշխատանքային օր։ «Սակայն 95 տոկոս դեպքերում ժամանակակից տեխնիկայի շնորհիվ այն տևում է ոչ ավել, քան մեկ աշխատանքային օր, և  հետագայում մենք ծրագրում ենք այն նվազեցնել մինչև մեկ աշխատանքային օր»,– ասաց ՀԾԿՀ անդամը։

Իրազեկումն այն մասին, որ բաժանորդը փոխել է իր օպերատորին, կստացվի զանգահարողի հեռախոսում ձայնային ազդանշանի տեսքով։ Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` ՀԾԿՀ անդամը նշեց, որ այդ ազդանշանը բավականին հստակ կլինի, և այն չլսել շատ բարդ է, այդ իսկ պատճառով իրազեկվածության խնդիր պետք է չլինի։

«Այդ հարցն արդիական է միայն առաջին 2-3 ամիսների ընթացքում, այնուհետև քաղաքացիներից շատերը խնդրում են օպերատորի փոփոխման նախազգուշացման ծառայությունն ապաակտիվացնել։ Մենք այդպիսի ծառայություն նույնպես ունենք»,– ասաց Արաբաջյանը։

Բացի այդ, ըստ նրա, կարելի է «148» կարճ կոդին հարցում ուղարկել և տեղեկություն ստանալ այն մասին, թե տվյալ բաժանորդը փոխե՞լ է օպերատորին, թե ոչ։

Սահմանվել է նաև օպերատորի փոփոխման լիմիտ տարին մինչև երկու անգամ, և այդ ընթացակարգը նույնպես անվճար կլինի։

Ֆիքսված համարների տեղափոխելիության ծառայությունն աշխարհում առաջին անգամ ներդրվել է 1995 թ.–ին Հոնկոնգում, իսկ բջջային համարների ծառայությունը` 1997 թ.–ին Սինգապուրում։ NP լուծումների գործում մասնագիտացած Neustar Inc. ամերիկյան ընկերության տվյալների համաձայն` 2011 թ.–ի հունիսին MNP ծառայությունը մատուցվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարում նախատեսվում է այն ներդնել ևս 20 երկրում։   

Ինչպես ավելի վաղ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել էր ընկերության գլխավոր տնօրենը,  MNP ներդրումն Orange Armenia ընկերությունում 1 մլն եվրոյից մի փոքր քիչ կարժենա։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—