USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանում MNP ծառայություններ ներդնելու և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություն ընտրելու նպատակով մրցույթ է հայտարարվել

05.09.2013, 13:27
«Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն» (ՇԿՀՏՕՄ) իրավաբանական անձանց միությունը նախօրեին փակ մրցույթ է հայտարարել շարժական կապի համարների տեղափոխելիության կենտրոնացված տվյալների բազայի ստեղծման (Mobile Number Portability – MNP) և ներդրման ծառայություններ մատուցող կազմակերպություն ընտրելու նպատակով, տեղեկացնում են միությունից։
Հայաստանում MNP ծառայություններ ներդնելու և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություն ընտրելու նպատակով մրցույթ է հայտարարվել
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն» (ՇԿՀՏՕՄ) իրավաբանական անձանց միությունը նախօրեին փակ մրցույթ է հայտարարել շարժական կապի համարների տեղափոխելիության կենտրոնացված տվյալների բազայի ստեղծման (Mobile Number Portability – MNP) և ներդրման ծառայություններ մատուցող կազմակերպություն ընտրելու նպատակով, տեղեկացնում են միությունից։

MNP ծառայությունը, որը թույլ է տալիս բաժանորդներին պահպանել հեռախոսահամարը բջջային կապի մի օպերատորից մյուսին անցնելիս, կներդրվի Հայաստանում 2014 թ.–ին ` այս տարվա հունիսի 15–ին ուժի մեջ մտած «Հեռահաղորդակցությունների մասին» օրենքում փոփոխությունների համաձայն։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 17–ի նիստի ժամանակ հաստատել է MNP ծառայության կանոնները, ըստ որոնց այդ ծառայությունը բաժանորդներին կտրամադրվի անվճար։

Ըստ հաղորդագրության` կենտրոնացված տվյալների բազան շարժական կապի համարների վերաբերյալ տվյալներ պարունակող ավտոմատացված համակարգ է, որի միջոցով ապահովվում է շարժական կապի համարների տեղափոխելիության գործընթացը:

«Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն» իրավաբանական անձանց միությունը հիմնադրվել է  2013թ.–ի հուլիսի 30-ին «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ–ի, «ԱրմենՏել» ՓԲԸ–ի, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ–ի  կողմից՝ շարժական կապի համարների տեղափոխելիության կենտրոնացված տվյալների բազայի ստեղծման և դրա հետագա շահագործման նպատակով։

Ֆիքսված համարների տեղափոխելիության ծառայությունն աշխարհում առաջին անգամ ներդրվել է 1995 թ.–ին Հոնկոնգում, իսկ բջջային համարների ծառայությունը` 1997 թ.–ին Սինգապուրում։ NP լուծումների գործում մասնագիտացած Neustar Inc. ամերիկյան ընկերության տվյալների համաձայն` 2011 թ.–ի հունիսին MNP ծառայությունը մատուցվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարում նախատեսվում է այն ներդնել ևս 20 երկրում։

Սթենդֆորդի տնտեսագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի տվյալների համաձայն` ԱՄՆ–ում MNP ծառայության ներդրումից հետո կապի ծառայությունների սակագները նվազել են միջինը 4–4,5 տոկոսով, ընդ որում բաժանորդների ծախսերի համախառն նվազումը կազմել է ամսական շուրջ 120 մլն դոլար։ Եվրոպայում MNP ծառայության ներդրումից հետո մոտ 4 տոկոսանոց նվազում է գրանցվել բջջային կապի սակագների ոլորտում և մինչև 11 տոկոսանոց նվազում` ֆիքսված կապի ոլորտում։–0–