USD
386.08
EUR
442.6
RUB
4.9314
GEL
141.73
2025 թ. հունիսի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024 թ․–ի դափնեկիըը ելույթ կունենա Silicon Mountains Lori 2025–ի շրջանակում

05.05.2025, 15:24
«Silicon Mountains Lori 2025 Լոռի» ֆորումը կլինի առաջին մարզային միջոցառումը, որը կհյուրընկալի Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024 թվականի դափնեկրին
Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024 թ․–ի դափնեկիըը ելույթ կունենա Silicon Mountains Lori 2025–ի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․ «Silicon Mountains Lori 2025 Լոռի» ֆորումը կլինի առաջին մարզային միջոցառումը, որը կհյուրընկալի Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024 թվականի դափնեկրին։

Նրա անունը դեռևս հայտնի չէ հանրությանը և առաջին անգամ կհրապարակվի ֆորումի ժամանակ, որի շրջանակում բաց ձևաչափով կկազմակերպվի նրա հարցազրույցը։

«Silicon Mountains Lori 2025» ֆորումը կանցկացվի մայիսի 15–ին Դեբեդ համայնքում։

Ֆորումին զուգահեռ կազմակերպվելու է նաև էքսպո, որին մասնակցելու են տարբեր ոլորտային ընկերություններ՝ ցուցադրելով իրենց պրոդուկտները կամ լուծումները։

Ֆորրումի շրջանակում կկազմակերպվեն նաև պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով՝ «ԱԲ և ավտոմատացում», «Խելացի թվային ենթակառուցվածքներ», «Կիբեռանվտանգություն և տվյալների պաշտպանություն»։

Ինչպես հայտնեց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (UEICT) ղեկավար Էդուարդ Մուսայելյանը, ֆորումի մասնակիցների միջև կկազմակերպվի «կիբերպատերազմ» խաղ, որը կօգնի բացահայտել Հայաստանի հաստատությունների և ընկերությունների կիբերանվտանգության ուժեղ և թույլ կողմերը։ Իսկ մայիսի 16-ին Լոռիում կկազմակերպվի միջոցառում ստարտափերի համար։ Նա խոստացավ, որ «Silicon Mountains»–ը Հայաստանում կանցկացվի տարին երկու անգամ՝ Երևանում և մարզերից մեկում, ինչը հնարավորություն կտա բացահայտելու Հայաստանի մարզերի ներուժը մարդկային ռեսուրսների ոլորտում։

Նախատեսվում է, որ ֆորումին կմասնակցեն Հայաստանի առաջատար ՏՏ ընկերությունների, բանկերի ղեկավարներ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, կիբերանվտանգության փորձագետներ և պետական ​​կառույցների ու բիզնեսի ներկայացուցիչներ։

Silicon Mountains –ն ամենամյա տեխնոլոգիական գագաթնաժողով է, որն անցկացվում է Հայաստանում 2019 թվականից։ Կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միությունն է՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Միջոցառման նպատակն է դիրքավորել Հայաստանը որպես թվային նորարարությունների տարածաշրջանային կենտրոն և խթանել երկրի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը։