«ԱրմենՏելը» բջջային ցանցի բաժանորդներից դեպի սեփական ցանց բջջային համարի տեղափոխելիության 1642 հայտ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերությունը (Beeline ապրանքանիշ) դեպի իրենց ցանց բջջային համարի տեղափոխելիության (MNP) 1642 հայտ է ստացել ծառայության մեկնարկից հետո մեկ ամսվա ընթացքում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուի ժամանակավոր պաշտոնակատար Տաթև Այրումյանը։
«Մեկ ամսվա ընթացքում Beeline է տեղափոխվել 1251 համար։ Ընդհանուր առմամբ, մեզ մոտ ստացվել է Port In–ի 1642 հայտ։ Մնացածը դիտարկման փուլում են»,– հայտնեց Այրումյանը։
Բացի այդ, ըստ նրա, ընկերությունից հեռացած ավելի քան երկու տասնյակ բաժանորդներ որոշել են վերադառնալ։
Նա հայտնեց նաև, որ բաժանորդների տեղափոխման դեպքում որևէ բարդություն Beeline–ում չի գրանցվել։
«Ամենակարևորը, որ ծառայությունն աշխատում է։ Մեզ համար կարևոր է, որ անցնող բաժանորդները որևէ անհարմարություն չզգան։ Մենք բաժանորդներից ցանցի աշխատանքից դժգոհություններ չենք ստացել, և դա արդեն մեծ ձեռքբերում է»,– ընդգծեց նա։
Ըստ նրա, ծառայության ներդրումից ընկերության սպասելիքներն արդարացան այնքանով, որքանով և ենթադրվում էր, որ իրարանցում չկատարվեց։
Նա հայտնեց նաև, որ անցումների մասով գրեթե հավասարություն է նկատվում, և, ընկերության գնահատականներով, ժամանակի ընթացքում, ծառայությունից օգտվել ցանկացող բաժանորդների բացարձակ թիվը կնվազի։
MNP ծառայությունը Հայաստանում գործարկվել է 2014 թվականի ապրիլի 1–ից։ Այն հնարավորություն է ընձեռում մեկ բջջային օպերատորից անցնել մյուսին` անփոփոխ թողնելով համարը։
Հայկական շուկայում գործում է բջջային կապ ապահովող երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), Վիվասել–ՄՏՍ–ը («Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական օպերատորի դուստր ընկերություն) և Օրանժ Արմենիան (Ֆրանս Տելեկոմի դուստր ընկերություն): 2013թ.–ի հուլիսի 30-ին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները հիմնեցին «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն», որի նպատակն է ստեղծել և շահագործել շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունները Հայաստանում:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–