Հայաստանում MNP ներմուծումը հետաձգվել է մինչև 2014թ.–ի ապրիլ

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բջջային հեռախոսահամարների տեղափոխության համակարգի (Mobile Number Portability – MNP) ներդրումը հետաձգվել է մինչև 2014թ.–ի ապրիլ, երկուշաբթի լրագրողներին ասաց Orange Armenia–ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Նա նշեց, որ համապատասխան որոշումն ընդունվել է կարգավորիչի կողմից` հաշվի առնելով MNP համակարգի ներմուծման պատրաստման հարցում որոշ տեխնիկական ուշացումները։
Նախատեսվում էր, որ MNP ծառայությունը, որը բոլոր բաժանորդներին հնարավորություն կտա փոխել իրենց օպերատորին՝ առանց հեռախոսահամարը փոխելու անհրաժեշտության, Հայաստանում հնարավոր կլինի ներդնել 2014թ.` ըստ ընթացիկ տարվա հունիսի 15–ից ուժի մեջ մտած «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության։ ՀՀ ՀԾԿՀ-ն հուլիսի 17–ին կայացած նիստի ընթացքում սահմանեց MNP ծառայության կանոնները, որոնց համաձայն` տվյալ ծառայությունը բաժանորդների համար անվճար կլինի։
«Խոսքը վերաբերում է ընդամենը մի քանի ամսով ծառայության գործարկումը տեղափոխելուն, ինչը խնդիր չէ, և լիովին արդարացված քայլ կլինի հաճախորդների կողմից բջջային օպերատորների ազատ ընտրության գործընթացի բարձր որակի ապահովման դեպքում»,– ասաց Ժելիբտերը։
Ինչ վերաբերում է հաճախորդների արտահոսքին, ինչպես կարծում է Orange Armenia–ի ղեկավարը, MNP համակարգի ներմուծումը դրական կլինի շուկայի համար, քանի որ թույլ կտա բոլոր օպերատորներին ավելի լավ աշխատել և շուկայում առողջ մրցակցություն ապահովել։
2013թ.–ի հուլիսի 30-ին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները հիմնեցին «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միությունե, որի նպատակն է ստեղծել և շահագործել շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունները Հայաստանում:
Ֆիքսված համարների տեղափոխելիության ծառայությունն աշխարհում առաջին անգամ ներդրվել է 1995 թ.–ին Հոնկոնգում, իսկ բջջային համարների ծառայությունը` 1997 թ.–ին Սինգապուրում։ NP լուծումների գործում մասնագիտացած Neustar Inc. ամերիկյան ընկերության տվյալների համաձայն` 2011 թ.–ի հունիսին MNP ծառայությունը մատուցվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարում նախատեսվում է այն ներդնել ևս 20 երկրում։ --0--