Հայաստանի բջջային կապի բաժանորդները համարը փոխելու MNP ծառայությունից կկարողանան օգտվել ապրիլի 1-ից

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 1-ից Հայաստանում կգործարկվի ծառայություն (Mobile Number Portability), երբ բջջային կապի բաժանորդները հնարավորություն կունենան միանալ նախընտրելի օպերատորին առանց իրենց համարը փոփոխելու, հաղորդում է Orange Armenia ընկերության մամուլի ծառայությունը:
Հայկական շուկայում գործում է բջջային կապի երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), Վիվասել–ՄՏՍ–ը («Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական օպերատորի դուստր ընկերություն) և Օրանժ Արմենիան (Ֆրանս Տելեկոմի դուստր ընկերություն): 2013թ.–ի հուլիսի 30-ին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները հիմնեցին «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն», որի նպատակն է ստեղծել և շահագործել շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունները Հայաստանում:
Այս առիթով Orange-ն այսօր մեկնարկեց իրազեկման արշավ` նպատակ ունենալով պատասխանել համարների տեղափոխելիության վերաբերյալ հանրության ունեցած հարցերին: Այս արշավի շրջանակներում ստեղծվել է հատուկ www.1qayl.am վեբ կայքն ու բացվել 055 000222 թեժ գիծը: Այսուհետ Հայաստանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են հստակեցնել իրենց պատկերացումները շարժական կապի համարների տեղափոխման գործընթացի վերաբերյալ, կարող են համապատասխան տեղեկատվությունը գտնել նշված վեբ կայքում և իրենց հարցերն ուղղել` առցանց, զանգահարելով թեժ գծին կամ կայքից հետզանգ պատվիրելով:
Նրանք, ովքեր որոշում կկայացնեն իրենց համարները տեղափոխել Orange-ի ցանց, կարող են նախապես գրանցվել վեբ կայքում: Ավելին, համարի տեղափոխման համար նախապես գրանցված յուրաքանչյուր 1000-րդ բաժանորդ հնարավորություն կունենա ստանալ նվեր Orange-ից` iPhone 5C:
«Համարների տեղափոխելիությունը լիակատար ազատություն կտա շարժական կապի բաժանորդներին: Քանի որ սա նոր երևույթ է, մարդիկ անշուշտ կունենան բազմաթիվ հարցեր, որոնք այժմ արդեն կարող են ուղղել առցանց կամ հատուկ թեժ գծի միջոցով: Մեր այս նախաձեռնությունը կոչված է օգնել մարդկանց ամբողջական պատկերացում կազմել համարների տեղափոխման վերաբերյալ և ցույց տալ, որ այն անվճար, հեշտ, պարզ և արագ մի գործընթաց է>,- ասաց Օրանժ Արմենիայի Գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Ինչպես ավել վաղ «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում նշել էր ընկերության տնօրենը, MNP-ի ներդնումը ընկերության համար 1 մլն. եվրոյից փոքր-ինչ պակաս գումար կարժենա։
055 000222 թեժ գիծը և առցանց հարց տալու հնարավորությունը հասանելի կլինեն շուրջօրյա:
«Շտապիր դառնալ Օրանժ» առաջարկի պայմանների վերաբերյալ մանրամասները հասանելի են http://www.orangearmenia.am/promos/iPhone-5C-for-each-1000-registration/ հղումով:
Ֆիքսված համարների տեղափոխելիության ծառայությունն աշխարհում առաջին անգամ ներդրվել է 1995 թ.–ին Հոնկոնգում, իսկ բջջային համարների ծառայությունը` 1997 թ.–ին Սինգապուրում։ NP լուծումների գործում մասնագիտացած Neustar Inc. ամերիկյան ընկերության տվյալների համաձայն` 2011 թ.–ի հունիսին MNP ծառայությունը մատուցվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարում նախատեսվում է այն ներդնել ևս 20 երկրում։
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռք բերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին։ --0--