Ռալֆ Յիրիկյանը հերքել է տրանսպորտի նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հերքել է ՀՀ նոր կառավարության կազմում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը։
Հայկական ԶԼՄ–ներում ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Յիրիկյանը կարող է ներառվել նոր կառավարության կազմում, որը կձևավորվի 2018 թ.–ի ապրիլին` գործող կառավարության հրաժարականից հետո։
«Ես բազմիցս հերքել եմ և այսօր ևս պաշտոնապես հերքում եմ բոլոր նման լուրերը։ Նմանատիպ տեղեկատվություն պարբերաբար հայտնվում է, և ես կարծում եմ, որ այս թեմայով բոլոր հարցերը պետք է տալ նրանց, ովքեր այդ ամենը գրում է։ Թող նրանք բացատրեն, թե ինչի համար են դա անում», – հայտարարեց Յիրիկյանը հինգշաբթի լրագրողներին։
Նա նաև նշեց, որ իրեն չի հետաքրքրում քաղաքական կարիերան, և նա երբեք չի ձգտել զբաղեցնել որևէ քաղաքական պաշտոն։
«Եթե անգամ ինձ պաշտոն առաջարկեն, ես չեմ ընդունի այն, քանի որ քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում», – հայտարարեց Յիրիկյանն ու ավելացրեց, որ ո'չ հիմա, ո'չ ավելի վաղ չի ստացել կառավարության կազմում ներառվելու կամ որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնելու առաջարկ։
2015 թ.–ին ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո երկիրն անցնում է խորհրդարանական իշխանավարման։ Նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը։ Նախագահն իր լիազորությունները կստանձնի 2018 թ.–ի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն գործող նախագահի լիազորություները, և կառավարությունը հրաժարական կտա։ Վարչապետը կընտրվի իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի կողմից։–0–