USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Թվային աշխատողները կարող են փոխարինել մարդկանց․ Դավիթ Յանն՝ աշխարհում աշխատուժի լանդշաֆտի փոփոխության մասին

07.03.2024, 12:05
Մարդանման ռոբոտների գինը կնվազի՝ մինչև 10 հազար դոլարից պակաս, այնուհետև մինչև 5 հազար դոլար՝ հասանելի դարձնելով ռոբոտների և նրանց հետ կապված ամեն ինչի նոր հսկայական շուկան
Թվային աշխատողները կարող են փոխարինել մարդկանց․ Դավիթ Յանն՝ աշխարհում աշխատուժի լանդշաֆտի փոփոխության մասին
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/ԱՌԿԱ/․ ABBYY-ի հիմնադիր և խորհրդի անդամ, ձեռներեց, արհեստական բանականության ոլորտի փորձագետ Դավիթ Յանը «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» ֆորումում պատմել է աշխարհում աշխատուժի փոփոխվող լանդշաֆտի մասին արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման կապակցությամբ։

Մարդու գիտակցության մրցակիցը

Ինչպես նշել է Յանը, վերջերս արտահոսք եղավ այն մասին, որ OpenAI-ն շուտով կներկայացնի GPT-5, GPT-6 և GPT-7. սրանք մոդելներ են, որոնք արդեն իսկ լուրջ մրցակցություն են մարդկային ուղեղին։

Նրա խոսքով՝ մարդանման ռոբոտների գինը կնվազի՝ մինչև 10 հազար դոլարից պակաս, այնուհետև մինչև 5 հազար դոլար՝ հասանելի դարձնելով ռոբոտների և նրանց հետ կապված ամեն ինչի նոր հսկայական շուկան։

Յանն ասել է, որ սա ամբողջովին փոխում է աշխատուժի լանդշաֆտը: Համաշխարհային տնտեսական ֆորումի կանխատեսումների համաձայն՝ 85 միլիոն աշխատատեղ կվերանա, իսկ դրա փոխարեն կհայտնվի 97 միլիոն նոր աշխատատեղ։ Մեկ այլ գնահատականով՝ արհեստական բանականության ազդեցությունը մարդկային աշխատատեղերի վրա գնահատվում է 300 միլիոն աշխատատեղ:

«300 միլիոն աշխատատեղն այն ամենի մեկ երրորդն է, ինչ անվանում ենք knowledge workers` մտավոր աշխատանքի աշխատակիցներ, նրանց թիվն աշխարհում մոտ 1 միլիարդ է», - ասել է նա։

Յանն ընդգծել է, որ մարդանման ռոբոտների հայտնվելով, որոնք կարող են առարկաներ կրել, ունեն նուրբ շարժիչ հմտություններ և կարողանում են սովորել՝ հետևելով ուրիշների վարքագծին, փոխվում է ազդեցության չափը, փոխվում է աշխարհում ամեն ինչ՝ արտադրություն, բժշկություն, գյուղատնտեսություն և այլն։

Որտե՞ղ կարող են աշխատել թվային աշխատակիցները

Յանն ասել է, որ արհեստական բանականության ոլորտում կիրառումներից մեկը կոչվում է ինտելեկտուալ գործակալներ։ Դրանք արհեստական բանականության վրա հիմնված հավելվածներ են, որոնք կարողանում են խոսել, պատասխանել հարցերի, կատարել դրված խնդիրը։

Նրա խոսքով, ժամանակակից ինտելեկտուալ գործակալները խոսում են միանգամայն բաց ձևով, և եթե թույլատրվի, կխոսեն փիլիսոփայության, կրոնի և ազատ կամքի մասին։

«Այդ խելացի գործակալների մեջ արդեն կա երկու մեծ դաս՝ առաջինը կոչվում են սովորական խելացի գործակալներ, մյուսները թվային աշխատողներ են: Նրանք առանձնանում են նրանով, որ փոխարինում են աշխատավայրում մարդկային հաղորդակցության բոլոր եղանակներին՝ էլեկտրոնային փոստ, SMS, Տելեգրամ, WhatsApp, հեռախոսազանգ, ֆիզիկական ներկայություն»,- ասել է նա։

Ինչպես նշել է Յանը, թվային աշխատողները լուծում են այն խնդիրը, որ մարդիկ չեն ցանկանում աշխատել ցածր վարձատրվող աշխատատեղերում: Թվային աշխատողը կարող է հաճախորդի հետ զրույց վարել ֆիզիկական ներկայությամբ AI կրպակների միջոցով՝ էկրաններ, ռոբոտներ, հոլոգրամներ կամ այլ ձևեր:

Թվային աշխատողների առավելությունների թվում ձեռնարկատերն առանձնացրել է փողի խնայողությունը, քանի որ թվային աշխատողի արժեքը 10 անգամ ավելի էժան է, քան կենսաբանականը, ինչպես նաև նրանց մշտական աշխատունակությունը։–0–