USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 30, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

ՀՀ նախագահը ՏՏ ոլորտում երեխաների ներուժի զարգացման կրթական կենտրոն է այցելել

28.06.2011, 22:54
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 12-18 տարեկան երեխաների ներուժի զարգացումն է։
ՀՀ նախագահը ՏՏ ոլորտում երեխաների ներուժի զարգացման կրթական կենտրոն է այցելել

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 12-18 տարեկան երեխաների ներուժի զարգացումն է։

Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, շփվել է հաստատության սաների հետ։
Կենտրոնի տնօրեն Մարինե Փափազյանի խոսքերով՝ հաստատության նպատակը առաջնային տեխնոլոգիաների հետ հայ երիտասարդներին ծանոթացնելն ու նրանց ուսուցանելն է, ինչպես նաև նրանց հետաքրքրող ՏՏ ոլորտների խորացման ուսուցման համար հնարավորություն ընձեռելն է։

«Առաջին փուլում ուսուցումն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝ համակարգչային խաղերի մշակում, Digital Media ձևաչափի ֆիլմեր, վեբ-դիզայն, անիմացիա։ Ամենատաղանդավոր սաները կանցնեն երկրորդ փուլ և կօգնեն մեր մասնագետներին ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում,  երկրորդ հարկում նրանց համար գործում են ինկուբատոր-լաբորատորիան ու ստուդիաները», - ասաց նա լրագրողներին։

Փափազյանը նաև նշեց, որ լավագույն սաների աշխատանքները կներկայացվեն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, ինչպես նաև նրանք հնարավորություն կստանան մասնակցել միջազգային տարբեր մրցույթների և այնպիսի ընկերությունների թրեյնինգների, ինչպիսիք են Pixar-ն ու Disney-ը։

«Հայ երեխաները ստեղծագործական մեծ ներուժ ունեն, նրանց հետաքրքրում է ՏՏ ոլորտը։ Մենք խրախուսելու ենք լավագույն երեխաների ուսուցումն արտերկրյա ուսումնական հաստատություններում», - ընդգծեց նա;

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մինչև 500 երեխաների անվճար ուսուցում է կազմակերպում։
Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 12-ին։

Կենտրոնը ստեղծվել է ամերիկահայ Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ։ Սեմ Սիմոնյանը Epygi Labs  ընկերության հիմնադիրն է, որի մասնաճյուղը գործում է Հայաստանում 1997 թ.-ից։ Ընկերության հայկական մասնաճյուղի զարգացման մեջ արված ներդրումները կազմել են 43,5 մլն դոլար։-0-