USD
368.01
EUR
428.44
RUB
5.1334
GEL
137.79
2026 թ. մայիսի 26, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը (ՖՈՏՈ)

Այսօր, 13:33
Անցած շաբաթ բացվել է Բելգիայի առաջին Թումո կենտրոնը՝ GRE Liège-ի և Noshaq-ի հետ համագործակցությամբ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Անցած շաբաթ բացվել է Բելգիայի առաջին Թումո կենտրոնը՝ GRE Liège-ի և Noshaq-ի հետ համագործակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Թումոյի Facebook-յան էջից։

Բացման արարողությանը ներկա են եղել Վալոնիայի փոխնախագահ Պիեռ-Իվ Ժեհոլեն և Լիեժի քաղաքապետ Վիլի Դեմեյերը, ինչպես նաև Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը և Էնթերփրայզ Արմենիայի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը։

Թումո Լիեժը տեղակայված է քաղաքի ամենանշանավոր պատմական շենքերից մեկում՝ La Grande Poste նեոգոթական կառույցում։ Կենտրոնը կհյուրընկալի շաբաթական 1.000 պատանու, որոնք հնարավորություն կունենան ուսումնասիրել գեներատիվ AI, եռաչափ մոդելավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, խաղերի ստեղծում, երաժշտություն, ծրագրավորում և ռոբոտաշինություն։  

ТУМО Льеж TUMO (2).jpg

TUMO կենտրոնի մասին

«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը (TUMO) բացվել է Հայաստանում 2011 թվականին։ TUMO կենտրոնների ցանցի հիմնադիրը, ապրանքանիշի սեփականատերը և օպերատորը «Սիմոնյան» կրթական հիմնադրամն է։

Այսօր Հայաստանում գործում է 6 TUMO կենտրոն և ավելի քան 40 TUMO Box (շարժական մինի-կենտրոններ), որտեղ 12-18 տարեկան ավելի քան 25 հազար հայ պատանիներ ամեն շաբաթ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ անվճար ուսումնասիրում են այնպիսի առարկաներ, ինչպիսիք են ծրագրավորումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, անիմացիան, 3D մոդելավորումը, կինոարտադրությունը, լուսանկարչությունը, խաղերի ստեղծումը, գրաֆիկական դիզայնը և նկարչությունը։

Հայաստանում TUMO-ի նպատակն է ստեղծել համազգային ցանց՝ բաղկացած 14 կենտրոնից և 80 TUMO Box-ից, որպեսզի պատանիները, անկախ բնակության վայրից, կարողանան ձեռք բերել ժամանակակից հմտություններ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտում։

Հայաստանի սահմաններից դուրս TUMO կենտրոններ գործում են, մասնավորապես, Եվրոպայում՝ Ֆրանսիայում (Փարիզում, Մարսելում և Լիոնում), Գերմանիայում (Բեռլինում, Մանհայմում, Հիրշայդում և Լյուդենշայդում), Պորտուգալիայում (Կոիմբրայում և Լիսաբոնում), Նիդերլանդներում (Ամստերդամ), Ալբանիայում (Տիրանա), ինչպես նաև ԱՄՆ-ում (Լոս Անջելես), Ճապոնիայում (Գումմա), Արգենտինայում (Բուենոս Այրես) և Ուրուգվայում (Մոնտեվիդեո)։ 

Մինչև 2027 թվականի վերջը TUMO-ն ծրագրում է ընդլայնել միջազգային ցանցը՝ հասցնելով 30 կենտրոնի 15 երկրում, այդ թվում՝ նոր կենտրոններ Իսպանիայում, Անգոլայում, Գերմանիայում և այլ երկրներում։