USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

ՄՏՍ-Ը ՎԱՂԱԺԱՄ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ MNP ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԸ

30.01.2009, 19:04
«Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ընկերությունը վաղաժամ է համարում Հայաստանում Mobile Number Portability (MNP) ծառայության ներդրումը, որը թույլ է տալիս բաժանորդներին անցում կատարել բջջային մեկ օպերատորից մյուսին:
ՄՏՍ-Ը ՎԱՂԱԺԱՄ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ MNP ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԸ

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. «Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ընկերությունը վաղաժամ է համարում Հայաստանում Mobile Number Portability (MNP) ծառայության ներդրումը, որը թույլ է տալիս բաժանորդներին անցում կատարել բջջային մեկ օպերատորից մյուսին՝ միաժամանակ պահպանելով բջջային հեռախոսի ամբողջական համարը։ Այս մասին հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ընկերությունների բիզնես միավորի տնօրեն, փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է երկրի տարածքում Mobile Number Portability (MNP) ծառայության ներդրման հնարավորությունը, որը թույլ է տալիս բաժանորդներին անցում կատարել բջջային մեկ օպերատորից մյուսին՝ միաժամանակ պահպանելով բջջային հեռախոսի ամբողջական համարը։

Նա նշել է, որ ՄՏՍ-ը միշտ ողջունում է կարգավորիչի պրոգրեսիվ գործողությունները, իսկ ինչ վերաբերում է MNP-ին, ապա «դա մրցակցությունը բարձրացնելու բավականին առաջադեմ մեթոդ է»։

«Ինչ վերաբերում է Հայաստանի շուկային, ապա հարց է առաջանում ՝ որքանո՞վ է դա ժամանակին՝ հաշվի առնելով նախագծի փաստացի իրագործման համար ներդրումային և ֆինանսական ծախսերի և շուկայում արդեն գոյություն ունեցող օպերատորների մրցակցության մակարդակի հարաբերակցությունը», - ասել է Ռասպոպովը։

Միաժամանակ նա նշել է, որ հայկական շուկայում արդեն բավականին բարձր մրցակցության առկայության դեպքում ծրագրվում է այն ավելի խստացնել՝ ֆրանսիական օպերատորի կոմերցիոն շահագործման մեկնարկի կապակցությամբ։

«Հայաստանի կարգավորիչ մարմինը բավականին խոհեմ է գործում, թափանցիկ և բնակչության շահերի օգտին, և մենք հուսով ենք, որ հարցը հավասարակշիռ և ժամանակին լուծում կստանա, երբ մրցակցային իրավիճակը և պահանջարկը կհամապատասխանեն նման անհրաժեշտությանը, և համապատասխան վերահսկում կապահովվի համարի փոխանցման ապահովմանն ուղղված կանոնների կատարման նկատմամբ», - ասել է Ռասպոպովը։

Միաժամանակ նա նշել է, որ նման նախաձեռնություններ առաջանում են ԱՊՀ շատ երկրներում, սակայն «փաստացի լուծվում են բավականին խելամիտ ձևով, և ԱՊՀ ոչ մի երկրում մինչ օրս չեն ներառվել նման ծառայություններ»։

Բջջային կապի հայկական շուկայում այժմ գործում է երկու ընկերություն՝ «ԱրմենՏելը», որի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական «ՎիմպելԿոմին» և Vivacell-MTS-ը, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է ՄՏՍ ռուսական ընկերությանը։ Բջջային երրորդ օպերատորը՝ «ՖՏԱ-Տելեկոմը», որը France Telecom-ի (ապրանքանիշը՝ Orange) 100 տոկոսանոց դուստրն է, արդեն ստացել է վերջնական լիցենզիա, սակայն ցանցի կոմերցիոն շահագործմանը մտադիր է անցնել միայն 2009 թ.-ի ձմռանը։-0-