VivaCell-MTS ընկերության գլխավոր տնօրենը «Գյումրու տարվա մարդ» է ճանաչվել
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS հայկական հեռահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 2008 թ.-ի արդյունքներով «Գյումրու տարվա մարդ» է ճանաչվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Այս տիտղոսը Յիրիկյանին է շնորհվել ուրբաթ Գյումրիի արվեստների ինստիտուտում կայացած արարողության ընթացքում:
2009թ. սկզբին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ դիմել էին «Գյումրու տարվա մարդ» հասարակական կազմակերպությանը` առաջարկելով քննարկել ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին 2008թ. «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը շնորհելու հարցը:
Հանձնախումբը որոշում էր կայացրել VivaCell-MTS ընկերության գլխավոր տնօրենին շնորհել «Տարվա մարդ» տիտղոսը 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ Գյումրու քսան անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու ակցիայի համար:
Հանձնախմբի անդամներն են անվանի մարդիկ գիտության, մշակույթի և կրթության ոլորտներում:
VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։
VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ (1 դոլարը 366,68 դրամ է) -0—