Firebird AI-ին կտրամադրվի 2․6 մլրդ դրամ ծավալով մաքսատուրքից ազատման արտոնություն՝ սուպերհամակարգչային կենտրոն հիմնելու համար
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/ԱՌԿԱ/․Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրել «Ֆայրբըրդ ԷյԱյ» (Firebird AI) ՓԲԸ-ին:
«Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում հիմնել տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը (Data Center), որը մասնագիտացված կլինի Արհեստական Բանականության (ԱԲ) լուծումների և բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ոլորտում: Գործունեության հիմնական տեսակն է՝ տվյալների մշակում, սերվերային տիրույթի տրամադրում և ամպային ենթակառուցվածքների սպասարկում:
Ծրագիրը կիրականացվի Կոտայքի մարզում՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 170 մլրդ դրամի ներդրում, որից 5․7 մլրդ դրամը՝ շինարարական աշխատանքների իրականացման, 139․8 մլրդ դրամը՝ հիմնական միջոցների ձեռքբերման, 24․5 մլրդ դրամը հումքի ձեռքբերման համար։
Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2030 թ.-ը նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 400 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 26․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․6 մլրդ դրամ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը 2027 թ.-ից հայ մասնագետների համար հասանելի կդարձնի Firebird AI ընկերության հաշվողական ռեսուրսներին:
500 միլիոն դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի նախագծի մասին
ՀՀ կառավարությունը, NVIDIA-ն, Firebird-ը և Team Group-ը միավորում են ջանքերը՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգիչը և տվյալների մշակման կենտրոնը ստեղծելու համար, որը կաշխատի արհեստական բանականությամբ (AI):
Հայաստանում արհեստական բանականության տվյալների կենտրոնի 500 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը կդառնա նորարարության, կրթության, գիտության և ձեռներեցության հարթակ՝ խթանելով տեղական և միջազգային ստարտափերի զարգացումը, նպաստելով գիտության և տեխնոլոգիաների միջև կապին և Հայաստանը վերածելով տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի՝ արհեստական բանականության զարգացման իրական վայրի։ Սա արմատապես կփոխի տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։
Սարքավորումները կգնվեն NVIDIA-ից, որը նմանատիպ սարքավորումների առաջատար արտադրողն է աշխարհում, իսկ տվյալների կենտրոնը կպատկանի նորաստեղծ Firebird ընկերությանը։ Այլ մասնակիցների թվում է Dell-ը։ Նախագծի շրջանակում, որի գործարկումը նախատեսված է 2026թ․–ին, կտեղադրվեն NVIDIA–ի Blackwell GPU հազարավոր միկրոպրոցեսորներ և կստեղծվի ավելի քան 100Մվտ հզորությամբ ենթակառուցվածք։