Հայաստանում ցանկանում են պահպանել ՏՏ ոլորտի աշխատանքային միգրանտների աջակցությունը գործատուների միջոցով
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/ԱՌԿԱ/․ ԱԺ–ն չորեքշաբթի կայացած նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծերը:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ 2024 թվականին Ազգային ժողովն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի աջակցության դրույթներ, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականի հունվարի 1-ից: Անցյալ տարվա ընթացքում բազմաթիվ ընկերություններ ստացել են պետական աջակցություն՝ մի մասը նվազեցված հարկադրույքի, իսկ մի մասը՝ միջոցների վերադարձի տեսքով:
«2025 թվականին աջակցություն ստացել են հենց ՏՏ ընկերությունները, ընդ որում, խորհրդարանի կողմից ընդունված օրենքի համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից աջակցության մեխանիզմը պետք է փոխվեր: Աջակցություն պետք է տրամադրվեր ոչ թե ընկերություններին, այլ դրանցում աշխատող միգրանտներին», - նշել է Թունյանը:
Նրա խոսքով՝ 2026 թվականի առաջին ամիսների փորձը ցույց է տվել, որ միգրանտների կողմից աջակցության համար դիմելու և համապատասխան վճարումներ ստանալու ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջանում: Այդ պատճառով որոշվել է փոխել մեխանիզմը և շարունակել միգրանտներին աջակցության տրամադրումը ընկերությունների միջոցով:
Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ դրա հետևանքով ընկերությունների մոտ նոր հարկային պարտավորություններ չեն առաջանա:
«Երկրորդ՝ փոփոխությունների արդյունքում առևտրային գործունեություն իրականացնող ընկերությունների համար կապահովվեն ավելի բարենպաստ պայմաններ, և նրանց կցուցաբերվի ավելի զգալի աջակցություն», - ասել է Թունյանը:
ԱԺ–ն որոշում է ընդունել նաև օրենքում այս փոփոխությունների քննարկման հատուկ ընթացակարգի մասին։