VivaCell-MTS հայկական բջջային օպերատորի կենտրոնական գրասենյակում անցկացվեց Բաց դռների օր Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների համ
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS հայկական բջջային օպերատորի գլխամասային գրասենյակում հայտարարված էր բաց դռների օր` Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) ուսանողների համար, տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Գյումրեցի ուսանողները, ԳՏՏԿ-ի տնօրեն Ջեյսոն-Փոլ Ղազարյանի գլխավորությամբ, մեկ օրով ժամանեցին Երևան` անմիջապես Հայաստանի առաջատար բջջային օպերատորի մատուցմամբ ծանոթանալու բջջային հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաներին:
Շրջայցը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ սկսվեց գրասենյակում տեղակայված սպասարկման կենտրոն այցելությամբ, որտեղ ուսանողները ծանոթացան դեռևս անցյալ տարի ներդրված` հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգին:
Այնուհետև ուսանողները Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ այցելեցին ընկերության գործունեության հիմնական կենտրոնները` ներառյալ Զանգերի կենտրոնը, որտեղ ներդրված է ինտերակտիվ ձայնային հրահանգների (IVR) ամենանորագույն համակարգը: Համակարգը բաժանորդներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ակտիվացնել/ապակտիվացնել մի շարք ոչ ձայնային ծառայություններ, ինչպես, օրինակ GPRS/EDGE-ը և գերարագ շարժական ինտերնետը:
Այնուհետև ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենն ուսանողներին առաջնորդեց Տեխնիկական վարչության Կենտրոնական բաժինը` ԿՀՀՇՍ (Կենտրոնական համակցման համակարգերի շահագործման ստորաբաժանում), որտեղից իրականացվում է բջջային ցանցի կառավարումը:
Այստեղ Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրեց ցանցի տեխնիկական զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև ընկերության կողմից մատուցվող` ավելացված արժեքով ծառայությունները:
Շրջայցի ավարտին Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին հրավիրեց «Զվարթնոց» ժողովասրահ, որտեղ պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին։
Ուսանողները լսեցին իրենց հարցերի պատասխանները, որոնք վերաբերում էին 3G-ին` ներառյալ լայնաշերտ Ինտերնետը, GSM համակարգին, ինչպես GPRS/EDGE, MMS ու WAP տեխնոլոգիաներին:
Այցի շրջանակներում նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսանողների համար ՎիվաՍել-ՄՏՍ-ում աշխատանքային պրակտիկա կազմակերպելու հարցի շուրջ:
Ռալֆ Յիրիկյանը բուհի ղեկավարությանը հորդորեց ավելի սերտացնել փոխգործակցությունը հեռահաղորդակցության ոլորտի հետ.
«Այսօր սպառողները բջջային օպերատորներից պահանջում են տվյալների փոխանցման որակյալ ծառայություններ` ավելի բարձր արագությամբ:
Բջջային օպերատորները, ի պատասխան, ձգտում են մատուցել նորարարական ծառայություններ: Հետևաբար, այսօրվա բուհերը պետք է առավելագույն ճկունություն ցուցաբերեն և արձագանքեն հասարակության աճող պահանջմունքներին` հանդես գալով նորարարական լուծումներով»,- ասաց Յիրիկյանը։
Ըստ նրա՝ ուսանողները պետք է ստանան գիտելիքներ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտից, որպեսզի կարողանան մշակել ավելացված արժեքով ծառայություններ բջջային օպերատորների համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպատակադրվել է իր փորձը փոխանցել ուսանողներին` նպաստելու համար նրանց մտահորիզոնի և աշխարհայացքի ընդլայնմանը:
Կենտրոնի առաքելությունը Հայաստանի մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների պոտենցիալի զարգացումն է, ինչը հնարավորություն կտա ստեղծել աշխատատեղեր և զարգացնել տնտեսական աճի խթանման համար անհրաժեշտ մարդկային կապիտալ:
VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։
VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ -0-