VivaCell-MTS ընկերության գլխավոր տնօրենը Գյումրիի ուսանողների համար բջջայի կապի տեխնոլոգիաների մասին դասախոսություն է կարդացել
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS հայկական հեռահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երեքշաբթի Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում (ԳՏՏԿ) հանդես է եկել «ՎիվաՍել-ՄՏՍ. բիզնես, որն ունի իր առաքելությունը» թեմայով դասախոսությամբ, որը վերաբերում է բջջային կապի տեխնոլոգիաներին և կորպորատիվ պատասխանատվությանը, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։
«Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է ԳՏՏԿ-ի, ինչպես նաև Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի հետ։ Ապագա տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին և ճարտարագետներին հասցեագրված դասախոսության նպատակն էր նրանց հնարավորություն տալ անմիջական շփման միջոցով ծանոթանալ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կառավարման գործընթացներին և կորպորատիվ մշակույթին, ինչպես նաև` բջջային կապի տեխնոլոգիաներին և գործունեության հիմունքներին», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
VivaCell-MTS -ի գլխավոր տնօրենը դասախոսությանը մասնակցող ուսանողներին ներկայացրել է բջջային կապի համակարգի բաղադրիչները, ազդանշանի ստացումն ու ուղարկումը, բաժանորդի և բազային կայանի միջև կապի հաստատումը, ինչպես նաև նրանց է ներկայացրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցի տեխնիկական զարգացման ռազմավարությունը, բիլլինգի համակարգը, լրացուցիչ ծառայությունները (VAS), բաժանորդների հետ աշխատանքի առանձնահատկությունները։
«Բիզնեսը պետք է նախևառաջ աջակցի կրթությանը, քանի որ ցանկացած զարգացում սերտորեն կապված է մեր ստացած կրթության մակարդակից: Տեղեկատվական տեխնոլոգիաների միաժամանակյա զարգացումը ամբողջ երկրով մեկ, և հատկապես Գյումրիում, որտեղ արդեն իսկ առկա են հզոր նախադրյալները, մեր համոզմամբ ճիշտ ճանապարհ է: Սա մի միջոց է, որը թույլ կտա ստեղծել աշխատատեղեր և օգտագործել մեր սեփական մարդկային կապիտալը: Այսպես հնարավոր կլինի նաև խուսափել «ուղեղների արտահոսքից»», - ասել է Յիրիկյանը։
Ինչպես ասվում է տեղեկատվության մեջ՝ Գյումրին Հայաստանի երեք քաղաքներից մեկն է, որտեղ VivaCell-MTS ընկերությունը գործարկել է 3G ցանցը (երրորդ սերնդի բջջային ցանց)։
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԳՏՏԿ) հիմնադրվել է 2005 թ. օգոստոսին: Այստեղ իրենց ուսումը կարող են շարունակել տեխնիկական բուհերի ճարտարագիտության և ՏՏ-ի ոլորտում բակալավրի կոչում ստացած շրջանավարտները: Ուսումնական ծրագրի հիմքը տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված առարկաներն են: Կենտրոնի առաքելությունը Հայաստանի մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների պոտենցիալի զարգացումն է, ինչը հնարավորություն կտա ստեղծել աշխատատեղեր և զարգացնել տնտեսական աճի խթանման համար անհրաժեշտ մարդկային կապիտալ:
VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։
VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ -0-