Ղարաբաղում նախատեսվում է ՏՏ կենտրոն ստեղծել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ու «Արմթաբ թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին ներկայացրել են Ղարաբաղում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման նախագիծը, հաղորդում է ԼՂՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՏՏ կենտրոնը նպատակ ունի դառնալ ոչ միայն գիտակրթական, այլև մշակութային ու ժամանցային հանգույց։
Հարությունյանը ողջունել է ներկայացվող առաջարկներն ու կարևորել է դրանց նշանակությունը Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում:
Ըստ նախագծի` Արցախի համար այդ աննախադեպ կենտրոնի տեխնիկական ու շենքային պայմանները հնարավորություն են տալու ոչ միայն աշակերտներին գործնական հմտություններ հաղորդել, այլև ստեղծել նոր աշխատատեղեր:
Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նախագծային աշխատանքները, և որոշակի քայլեր ձեռնարկել դրա իրագործման ուղղությամբ:–0–