ՏՏ ոլորտը կարող էր հայ–ռուսական տնտեսական համագործակցության լոկոմոտիվը դառնալ. ռուս փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. ՏՏ ոլորտն առավել հեռանկարային է տնտեսական համագործակցության զարգացման և Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալների ավելացման համատեքստում, կարծում է Գիտությունների ռուսական ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեոնիդ Վարդոմսկին։
Ըստ նրա` այսօրվա դրությամբ արդեն փորձեր են կատարվում ՏՏ ոլորտի համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ, մասնավորապես «Սիտրոնիկս» ընկերության կողմից Հայաստան մուտք գործելու միջոցով, որը կոչված է աջակցել բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների հիման վրա ազատ տնտեսական գոտիների ստեղծման նախաձեռնության իրականացման հարցում։
«Սակայն դեռ Ռուսաստանը զբաղեցնում է Հայաստանի ծրագրային արտադրանքների արտահանման շուրջ 20 տոկոսը, մնացածը հիմնականում բաժին է հասնում ԱՄՆ–ին և ԵՄ–ին։ Համագործակցության այդ հատվածը պետք է ուժեղացնել»,– «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց նա։
Միաժամանակ փորձագետն ընդգծեց, որ Հայաստանի արտահանման հիմնական մասնաբաժինը նախկինի պես բաժին է հասնում լեռնահանքային արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը, ոչ թե ՏՏ ոլորտին։
2000թ.-ին ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտն առաջնահերթ հայտարարեց երկրի տնտեսության համար: Այսօրվա դրությամբ Հայաստանի ՏՏ ոլորտում գործում է շուրջ 350 ձեռնարկություն, որտեղ աշխատում է շուրջ 10 հազար աշխատակից:
Ըստ UITE տվյալների` Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2012թ.-ի արդյունքներով, 2011թ.-ի համեմատ, 25 տոկոսանոց աճ է գրանցել՝ կազմելով 250 մլն դոլար:--0--