USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

«Կանազ» մշակույթի տանը կստեղծվի կրթական Steam կենտրոն

Այսօր, 12:00
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է վերականգնել «Կանազ» մշակույթի տունը, որտեղ նախօրեին խոշոր հրդեհ էր բռնկվել
«Կանազ» մշակույթի տանը կստեղծվի կրթական Steam կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանի համար «Կանազ» մշակույթի տան վերականգնումը օրակարգային է: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը։

«Նոր նախագծով, պահպանվելու է կառույցի ճարտարապետական դիմագիծը, առաքելությունը մնալու է նույնը՝ կրթական հարթակ, որը հարյուրավոր երեխաների վերադարձնելու է մշակութային ու գիտական ժամանակակից ու ավելի ընդգրկուն ուսումնական տարածք», - հայտնել է Կարապետյանը: 

Նա նաև տեղեկացրեցլ է, որ կոնցեպտի հիմքում «STEAM» կենտրոնի ստեղծման գաղափարն է, որը բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի համադրությամբ։ 

Նա ընդգծել է նաև, որ «Կանազ» մշակույթի տունը, դատարանի որոշմամբ, 2024-ին էր վերադարձվել Երևան համայնքին:

«Մինչև այդ, շենքը 2017-ից մասնավորի ձեռքում էր՝ «Արվեստի այբուբեն» մշակույթի հիմնադրամի, որը 10 տարվա ընթացքում խոստացված 480 մլն դրամի ներդրում չէր արել և շենքը հայտնվել էր, մեղմ ասած, անմխիթար վիճակում: 

Համայնքային սեփականության իրավունքի վերակագնումից հետո մշակույթի տանը վերակառուցման աշխատանքներ դեռ չէին սկսվել և պարբերաբար ապօրինի շենք էին ներխուժում կարգազանցներ, կոտրում փականները, վնաս հասցնում շենքին, ինչից հետո դռները նորից կողպվում էին: 

Բարեբախտաբար, շենքի ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել, այրվել և վնասվել է հիմնականում տանիքն ու ներքին հարդարանքը», - նշել է Կարապետյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ ժամը 19–ի սահմաններում խոշոր հրդեհ էր բռնկվել Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։ Հրդեհի վայրում աշխատել է 12 մարտական հաշվարկ։ 

Ժամեր շարունակ նրանք իրականացնում էին հրդեհաշիջման աշխատանքներ։ Հրդեհը մարվել է 23։44–ին։