USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

200 մլն դրամ՝ Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի միջոցառման իրականացման համար․ Հայաստանը պատրաստվում է SSS 2026-ին

Այսօր, 13:48
Սևան Ստարտափ Սամմիթ- 2026-ը կմեկնարկի հուլիսի 26-ին Սևանի ափին՝ մեկ հարթակում համախմբելով աշխարհի տարբեր երկրների ստարտափների, առաջատար մասնագետների և ներդրողների
200 մլն դրամ՝ Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի  միջոցառման իրականացման համար․ Հայաստանը պատրաստվում է SSS 2026-ին

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի․/ԱՌԿԱ/․ SSS (Սևան Ստարտափ Սամմիթ) 2026-ը կմեկնարկի հուլիսի 26-ին Սևանի ափին՝ մեկ հարթակում համախմբելով աշխարհի տարբեր երկրների ստարտափների, առաջատար մասնագետների և ներդրողների՝ նորարարության ու փորձի փոխանակման յուրօրինակ միջավայրում։

Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

Նշվում է, որ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթի (SSS-2026) շրջանակում կազմակերպված գործընկերների ընթրիքին։ Ոչ ֆորմալ ձևաչափով անցկացված միջոցառումը համախմբել էր նախագծի գործընկերներին և աջակցող կազմակերպություններին՝ նպատակ ունենալով քննարկել համագործակցության հեռանկարները։

Իր ելույթում նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել Սևան Ստարտափ Սամմիթի դերը Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացման գործում՝ ընդգծելով, որ նախագիծն արդեն ձեռք է բերել միջազգային ճանաչում։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ SSS-ն արդյունավետ հարթակ է գործընկերային հարաբերությունների ամրապնդման և Հայաստանի տեխնոլոգիական ներուժի միջազգային ներգրավվածության ընդլայնման համար։

Նախարարը նաև հավելել է, որ Սամմիթի միջազգայնացման և «արտահանման» գործում ցուցաբերվող աջակցությանը զուգընթաց` ՀՀ կառավարությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս ներդրումային մասնակցությամբ. Կառավարությունը Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի համակազմակերպիչն է, միջոցառման իրականացման նպատակով հատկացրել է 200 մլն դրամ։