USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի ՏՄՊՊՀ–ն «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ–ին տուգանել է 10 մլն դրամով` մենաշնորհային դիրքի չարաշահման համար

30.05.2014, 14:45
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ–ին տուգանել է 10 մլն դրամով` մենաշնորհային դիրքի չարաշահման համար, որը սահմանափակում է  «.am» դոմենների գրանցման ոլորտում ազատ մրցակցությունը, հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Հայաստանի ՏՄՊՊՀ–ն «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ–ին տուգանել է 10 մլն դրամով` մենաշնորհային դիրքի չարաշահման համար

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ–ին տուգանել է 10 մլն դրամով` մենաշնորհային դիրքի չարաշահման համար, որը սահմանափակում է  «.am» դոմենների գրանցման ոլորտում ազատ մրցակցությունը, հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։

«Փաստորեն «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ–ն 6 հազար դրամով կայքերի գրանցման ծառայություններ է մատուցել միջնորդներին, ինչպես նաև հիմնել է «ABCԴոմեն» ընկերությունը, որի միջոցով վերահսկել է շուկայի 70 տոկոսը և հավելյալ շահույթ է ստացել»,– ասաց Շաբոյանն ուրբաթ ՏՄՊՊՀ նիստում։

Ինչպես պարզաբանեց ՏՄՊՊՀ վերլուծության և գնահատման վարչության մասնագետ Վահե Աբրահամյանը, հանձնաժողովին է դիմել «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն՝ տեղեկացնելով համակարգչային գլոբալ ցանցի «.am» տիրույթում գրանցում իրականացնող տնտեսվարողների միջև հնարավոր հակամրցակցային համաձայնությունների մասին: Բացի այդ, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են «.am» տիրույթում նոր կայք գրանցել, այդ ծառայության համար չհիմնավորված բարձր գին են վճարում:

Փորձագետի խոսքով` հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ ՀՀ-ում «.am» տիրույթում գործող էլեկտրոնային կայքերի գրանցման և սպասարկման ծառայությունները իրականացնում է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն, որն իսկապես այս ոլորտում ունի մենաշնորհային դիրք: Շուկայի մնացած 30%-ը տնօրինվել է մի շարք այլ միջնորդ ընկերությունների կողմից, որոնք սակայն հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն որոշելու իրենց գնային քաղաքականությունը, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է:

«Այսպես, բոլոր միջնորդները ինտերնետային տիրույթում կայք գրանցելու համար սպառողներից գանձել են 12 հազար դրամ, որը ամբողջությամբ վճարել են «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»: Վերջինը իրականացրել է կայքի գրանցումը, ապա բոլոր միջնորդներին «վճարել» կամ այլ կերպ ասած՝ հետ է վերադարձրել 6 հազար դրամը՝ այսպիսով վերահսկելով վերջինների գործունեությունը»,– ասաց Աբրահամյանը։

Այսօր «.am» տիրույթում գործում է շուրջ 23 հազար կայք, որոնցից յուրաքանչյուրը տարեկան 12 հազար դրամ է վճարում «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»: Հետագայում միջնորդ ընկերությունները սկսեցին պայմանագրեր ստորագրել` ծառայություններ մատուցելով ավելի ցածր գներով։ -0-